«Եկամտային հարկի» և «Շահութահարկի մասին» օրենքներում փոփոխությունների նկատմամբ բուռն ռեակցիան, որը վերաբերվում էր գործատուների հետ կնքված աշխատանքային պայմանագրով Հայաստանից դուրս շինարարական կամ շինմոնտաժային աշխատանքների հարկմանը, հիմնականում պայմանավորված էր հետևյալ մեղադրանքներով և քննադատություններով՝
առաջինը, որ օրինագծերը հապշտապ կարգով ընդգրկվեցին Խորհրդարանի օրակարգ,
երկրորդ, որ այս փոփոխությունները ավելի են խթանելու արտագաղթը,
երրրոդ, որ արտագնա շինանարական աշխատանքների բիզնեսը մոնոպոլացվելու է,
չորրորդ, որ դա ռուսաստանցի հայազգի օլիգարխների համար են հատուկ այս փոփոխությունները իրականացվում,
հինգերորդ, որ ծանր հարկային բեռ է ստեղծվում շինարարության նպատակներով արտերկիր մեկնող աշխատավորների համար, 13% եկամտային հարկ և 5% շահութահարկը միասին հաշվարկված,
վեցերորդ, որ անհավասար հարկային պայմաններ են ստեղծվում մյուս բիզնեսների համար, այսինքն, ինչու պետք է արտագնա շինարար աշխատավորները 13% եկամտային հարկ վճարեն, իսկ այստեղ 24,4-26%, կամ ինչու պետք է այդ կազմակերպությունները 5% շահութահարկ վճարեն, երբ այստեղ այն 20% է,
յոթերորդ, կառավարությունը չի կարողանում խոշոր բիզնեսից հարկեր գանձի, ստիպված բյուջեն լցնելու համար կպնում է «խոպանչիների» գրպանին,
ութերորդ, Ռուսաստանը, չի համաձայնվի, որպիսի Հայաստանից տասնյակհազարավոր «գաստարբայտերները» իրենց հարկային պարտավորությունները կատարեն Հայաստանի, այլ ոչ թե Ռուսաստանի նկատմամբ,
իններորդ, լուրջ տնտեսական հիմնավորումներ և հաշվարկներ չեն արվել, թե դրա արդյունքում բյուջե, որքան գումար կմտնի, քանի որ դրա արդյունքը կլինի ընդամենը կարճաժամկետ մուտքերը,
տասներորդ, օրենքի ընդունումը կազդի ստվերի մեծացման վրա, այդ թվում և Ռուսաստանում, քանի որ սա կստիպի աշխատողներին անցնել ոչ օրինական դաշտ, խուսափելու համար հարկերից:
Իշխանության ներկայացուցիչները, իրենց հերթին հակադարձում են, որ՝
առաջին, Ռուսաստանի հետ օրենսդրական և քաղաքական խնդիրներ չկան,
երկրորդ, սա ավելի շուտ հարկային բեռի թեթևացում է, քան ծանրացում, քանի որ 13% և 5%-ը դրանք չեն գումարվում և տարբեր դեպքերի համար են նախատեսված, բացի այդ, Հայաստանում եկամտահարկը կրկնակի բարձր է, քան ԵՏՄ անդամ մյուս երկրներում,
երրորդ, արտերկրում աշխատանքներ իրականացնող շինարարական կազմակերպությունները իրենք կարող են կամավոր որոշել՝ Հայաստանի թե Ռուսաստանի նկատմամբ իրականացնեն իրենց հարկային պարտավորությունները,
չորրորդ, այն գումարները, որոնք հարկվելու են, ավելի լավ է Հայաստանում հարկվեն, քան երկրորդ երկրի (ավելի շուտ Ռուսաստանի) բյուջե,
հինգերորդ, պետությունը այսպիսով կանոնակարգում է և ավելի քաղաքակակիրթ ձևով է վերահսկում Հայաստանից աշխատուժի արտահանումը, հետևաբար նաև այդ աշխատողներին իրավական պաշտպանության տակ է վերցնում՝ քաղաքակիրթ պետությունները փորձում են միգրացիոն աշխատուժը կանոնակարգել, իսկ մեր երկրում դա կանոնակարգված չէ:
վեցերորդ, դա ապագայում վճարված եկամտային հարկը կհաշվառվի նաև կենսաթոշակներում,
յոթերորդ, ըստ էության այսպիսի հարկային արտոնություններ միայն այս պարագայում չէ, որ տրվում է, հարկային արտոնություններ կան նաև այլ ոլորտներում, օրինակ ծրագրավորողների եկատմահարկը 10% է,
ութերորդ, այս փոփոխությունները չեն վերաբերվում ,,խոպանչիներին,,, այլ ՀՀ-ում գրացված և արտերկրում շինարարական և շինմոնտաժային աշխատանքներ իրականացնող կազմակերպություններին, այսինքն, խոպան մեկնող քաղաքացու գրպանին այս փոփոխությունները չեն հարվածում,
իններորդ, եկամտահարկը 13% նախատեսված է այն պատճառով, քանի որ Ռուսաստանում այն նույնպես այդքան է, հիշեցնենք, որ Ղազախստանում այն 10% է, իսկ Բելառուսում նույնպես 13%,
տասներորդ, ցածր հարկային դրույքաչափերը կխթանեն նաև դրսից նոր կազմակերպութունների գրանցմանը Հայաստանում և բացի այդ շինարարության ոլորտում Հայայստանի մրցակցային պայմանների բարելավմանը:

 

Ինչպես տեսնում ենք, թեև իշխանության կողմնակիցները որոշ հարցերում հաջողությամբ պաշտպանվում են, հերքելով որոշ մեղադրանքները, սակայն, որոշ հարցադրումների պատասխանները չկան, մասնավորապես ինչո˚վ էր պայմանավորված այս օրինագծերին հապշտապ ընթացք տալը, կամ ո˚րքան մուտքեր բյուջեն կապահովի, արդյո˚ք դա բացասական կազդի տրանսֆերտների ծավալների վրա և ամենակարևորը, այն ինչպե˚ս կազդի արտագաղթի տեմպերի վրա:

 

Արման Ղարիբյան