Եդեսիա (հին հունարեն՝ Ἔδεσσα) , Ուռհա (հայկական աղբյուրներում հիշատակվում է նաև որպես Ուրհա, Օրֆա, Ռուհա Ուրֆա), Ուրֆա, այժմ' Շանլիուրֆա քաղաքը գտնվում է Միջագեաքի հյուսիս-արևմուտքում, Եփրատի վտակ Դայսան գետի վրա: Հնագույն անունը Օրրոն էր:
Ք.ա. 303-ին Սելևկյան տերության հիմնադիրր Սելևկիոս Ա. Նիկատորը վերաշինեց այն և անվանեց Եդեսիա՝ ի պատիվ Մակեդոնիայի նույնանուն քաղաքի:
Ք.ա. 132 — Ք.հ. 216-ին Եդեսիա քաղաքը եղել է Օսրոյենեի թագավորության մայրաքաղաքն էր: 216 թ-ին Հռոմի Կարակալա կայսրը, գահընկեց անելով Օսրոյենեի վերջին թագավոր Աբգարին, Եդեսիան դարձրեց հռոմեական գաղութ:
363-ի հռոմեա-պարսկական հաշտության պայմանագրով Եդեսիան անցավ Սասանյան Իրանին: Այս շրջանում Եդեսիան տնտեսական ու մշակութային խոշոր կենտրոն էր․ Մեծ հռչակ էր վայելում Եփրեմ Ասորու հիմնադրած պարսկական դպրոցը, որտեղ ուսանելու էին գնում նաև այլ երկրներից (այդ թվում նաև Հայաստանից): Եդեսիայում կար հարուստ մատենադարան:

 


Ավանդության համաձայն, դեռևս Քրիստոսի կենդանության օրոք Եդեսիայի բնակչությունն ընդունել է քրիստոնեություն: Ըստ քրիստոնեական ավանդության՝ Եդեսիայի Աբգար թագավորը առաջին թագավորն է, որը, Քրիստոսի կենդանության օրոք լսելով նրա հրաշագործություն¬ների մասին, հավատացել է, որ Նա Աստծո Որդին է: Հիմնվելով հնագույն պատմական աղբյուրների վրա, ենթադրվում է, որ Աբգարը եղել է ազգությամբ հայ:
Ավանդությունը պատմում է, որ Աբգարն անբուժելի հիվանդ էր և նամակ ուղարկեց Քրիստոսին, որով նրան խնդրում էր գալ իր քաղաքը, բժշկել իրեն և բնակվել այնտեղ:
Փրկիչը պատասխանեց, որ ինքը պետք է ավարտի Իր առաքելությունն Իսրայելում, որից հետո կառաքի Իր աշակերտներից մեկին՝ բժշկելու Աբգարին եւ պարգևելու հավիտենական կյանքի ավետիսը: Աբգարի սուրհանդակը, Քրիստոսի պատասխանի հետ բերեց նաև Նրա անձեռակերտ սրբապատկերը, որը Տերն Իր դեմքի հպումով տպավորել էր դաստառակի վրա:
Քրիստոսի համբարձումից հետո Նրա առաքյալներից մեկը՝ ս. Թադեոսը, եկավ Եդեսիա, բժշկեց Աբգարին և քաղաքի բոլոր հիվանդներին՝ քարոզելով ավետարանը: Ողջ քաղաքը հավատաց Քրիստոսին եւ դարձի եկավ, հրաժարվեց կռապաշտությունից և մկրտվեց: Այնուհետեւ Թադեոս առաքյալն ուղևորվեց Հայաստան՝ քարոզելու հայոց Սանատրուկ արքային:
Որոշ ուսումնասիրողների կարծիքով Մեսրոպ Մաշտոցը Եդեսիայում է ստեղծել հայոց գրերը:
Եդեսիան V—VI դդ․ եղել է կռվախնձոր Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև: Պարսից թագավորներ Կավատն ու Խոսրով Անուշրվանը բազմիցս փորձել են գրավել այն: Հուստինիանոս I-ի տիրապետության տարիներին Ե-ում շինարարական մեծ աշխատանքներ են ծավալվել: 640 թվականին Եդեսիան գրավել են արաբները, որոնց տիրապետության տակ է մնացել մինչև 944 թվականը: Այնուհետև Ե-ին տիրել են բյուզանդացիները, ապա՝ Մրվանյան ամիրաները, իսկ 1071 թվականին՝ սելջուկ-թուրքերը: 1098-ին, խաչակրաց առաջին արշավանքի ժամանակ Բալդուինը հիմնեց Եդեսիայի կոմսությունը:
Եդեսիան Հայաստանի հետ տնտեսական ու մշակութային սերտ կապեր էր պահպանում դեռևս հին շրջանում և վաղ միջնադարում: Դրանք ավելի ծավալվեցին հայոց պետականության վերականգնումից հետո: Քաղաքն ուներ գեղեցիկ դիրք, շրջապատված Էր ավաններով: Ներսևս Շնորհալին իր «Ողբ Եդեսիո» պոեմում վառ գույներով է նկարագրել նրա ամուր, բարձր պարիսպները, շուկաները, տները:

 


V դարից սկսած հայերի մեջ արմատացած էր այն համոզմունքը, որ Եդեսիայի (Օսրոյենեի) թագավորությունը հայկական Էր, նրա թագավորները հայեր Էին, և որ Եդեսիան հիմնադրել է հայոց Տիգրան Բ Մեծը: VII դ. «Աշխարհացույց»-ը Եդեսիան դնում է Հայկական Միջագետքում: XI—XII դդ. Եդեսիայի հայ բնակչությունը ավելի ստվարացավ: 1144-ին Եդեսիայում կար 47 հզ. հայ բնակիչ: Այդ են վկայում ոչ միայն հայկական, այլև արաբական սկզբնաղբյուրները: XII դ․ արաբ պատմագիր Իբն ալ Ասիրի հավաստմամբ Եդեսիան ամբողջությամբ հայերով էր բնակեցված: Այս պատճառով Բյուզանդիան, ապա նաև սելջուկևերը ստիպված էին Եդեսիայի քաղաքագլուխ (դուկ) նշանակել հայերից: Երբ 1144 թվականին Եդեսիայի վրա հարձակվևցին Մոսուլի Զանգի ամիրայի հրոսակները, քաղաքի պաշտպանների առաջին շարքերում հայերն Էին, որոնց արիությունը Ներսես Շնորհալին համեմատում է Վարդանանց նահատակների սխրանքին և Եդեսիայի ավերումը համարում նույնպիսի դժբախտություն, ինչպիսին Անիի կործանումն Էր: 1391 թվականին Եդեսիան ավերել են Լենկթեմուրի հրոսակները: Այնուհետն Եդեսիային տիրել ևն թուրքմեն ամիրաները, 1512 թվականից՝ պարսիկները, 1637 թվականից՝ օսմանյան թուրքերը:
Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Եդեսիան 35 հզ. հայ բնակիչ: Զբաղվում էին արհեստներով, առևտրով, երկրագործությամբ: Հռչակված էին հայ քարակոփները, կտավագործները, բրուտները: Միջազգային ճանաչում ուներ Եդեսիայի հայ կանանց ասեղնագործությունը, որով զարդարված սրբիչները, զգեստները, ծածկոցները ևն վաճառվում էին Անգլիայում, ԱՄՆ-ում և այլ երկրներում: Եդեսիայից վաճառահանում էին նաև դաջած կտավ, բուրդ, յուղ, գինի, մրգեր, ևն: Հայկական թաղը բարձրադիր էր, առանձնացած թուրքականից: Պահպանվել էին բյուզանդական կայսր Հուստինիանոսի կառուցած ամրոցի մնացորդները (շրջապատված 12 մ խորությամբ արհեստական խրամով), եռանկյունաձև պարիսպները՝ քառանկյուն աշտարակներով: XVIII դ․ Ստեփանոս ճարտարապետը Եդեսիայում կառուցել է բազմաթիվ շինություններ (եկեղեցի, մզկիթ, ջրմուղ ևն): Հայերի Սբ. Աստվածածին եկեղեցին արքեպիսկոպոսի նստավայրն էր՝ կից վարժարանով, որտեղ XX դ. սկզբին սովորում էր 1140 աշակերտ (665 պատանի և 475 աղջիկ): Սբ. Սարգիս վանքում կար որբանոց (66 սան): Քաղաքի կաթոլիկ հայերն ունեին եկեղեցի և 6 տարրական դպրա)՝ 350 աշակերտով: Եկեղեցի և դպրոց ունեին նաև բողոքական հայերը: Հայտնի ուխտավայր էին քաղաքամերձ Սբ. Սարգիս վանքը և ավանդաբար Աբգար թագավորին վերագրվող դամբարանը:

 


1895-ի հոկտեմբերին, հայկական կոտորածների ժամանակ թուրքական կանոնավոր զորքն ու բաշիբոզուկները կողոպտել և ավերել են հայերի խանութները, սակայն 50-օրյա պաշարումից հետո, չկարողանալով գրավել հայկական թաղամասը, ձևականորեն վերացրել են պաշարումը և խաբեությամբ զորք մտցնելով այնտեղ՝ կոտորել 10 հզ․ անզեն մարդ:
1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ Եդեսիայի հայերը դիմել են ինքնա-պաշտպանության: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Ուրֆայում բնակվում էր շուրջ 35 հզ. հայ: 1915-ի ամռան կեսին քաղաք են ժամանել ՙԹեշքիլաթ-ը մահսուսեի՚ անդամներ, երիտթուրքեր Ահմեդ և Խալիլ բեյերը՝ կազմակերպելու Ուրֆայի հայության աքսորը: Ձերբակպլելով քաղաքի երևելիներին՝ բնակիչներից պահանջել են 48 ժամում հանձնել իրենց մոտ եղած զենքը: Օգոստոսի 19-ին իշխանությունների սադրանքով մահմեդական ամբոխը դաժանորեն կոտորել է 300-400 հայերի: Այս իրադարձությունները վկայում են, որ պատրաստվում էր դաժան հաշվեհարդար հայերի նկատմամբ: Ուրֆայի հայերը վճռոում են դիմել ինքնապաշտհանության. այն ղեկավարելու համար ստեղծվել է զինվորական խորհուր' Մկրտիչ Յոթնեղբայրյանի գլխավորությամբ: Կազմակերպվել է նաև պարենամթերքի հայթայթման և բաշխման ծառայություն, զենքի և զինամթերքի պատրաստման և վերանորոգման արհեստանոց, բուժօգնություն:
Ինքնապաշտպանների թիվը, ըստ մեկ աղբյուրի, կազմել է 800, իսկ ըստ մեկ այլ աղբյուրի՝ 2000 մարդ, հիմնականում՝ պատանիներ և աղջիկներ:

 


Հայերի թաղամասը, որն ուներ բարձր դիրք, ծածկվել է բարիկադներով և ամրություններով, բաժանվել 6 պաշտպանական շրջանների՝ 32 դիրքերով, փակվել են թաղամաս տանող 12 փողոցների մուտքերը: Հոկտեմբերի 1-ին հակառակորդը անցել է հարձակման: Կատաղի կռվից հետո թշնամին, տալով 300 սպանված, նահանջել է: Հաջորդ հարձակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը: Զգալով, որ հնարավոր չէ դիմագրավել հակառակորդի գերազանց ուժերին, զինվորական խորհուրդը վճռել է կեղծ նահանջ կատարել, թույլ տալ հարձակվողներին մտնել թաղամաս, ապա հարձակվել թիկունքից և ոչնչացնել նրանց: Մահմեդական խաժամուժը, տեսնելով, որ հայերը լքել են դիրքերը, ներխուժել է թաղամաս և սկսել թալանը: Օգտվելով հակառակորդի անհոգությունից՝ հայ ինքնապաշտպանները հարձակման են անցել և ոչնչացրել մոտ 1200 թուրքի: Հոկտեմբերի 6-ին Հալեպից Ուրֆա է բերվել մոտ 11 հզ. զինվոր՝ թնդանոթներով և գնդացիրներով, թուրքական շտաբի պետը գերմանական սպա էր: Սկզբում բոլոր գրոհները ինքնապաշտպանները հերոսաբար հետ են մղել, սակայն հակառակորդը, շնորհիվ հրետանու, աստիճանաբար իր ձեռքն է վերցրել նախաձեռնությունը: Հերոսամարտի վերջում հայկական թաղամասի 2300 տնից միայն 50 էր կանգուն մնացել: Թուրքական հրամանատարությունն անընդհատ ուժեղացրել է ճնշումը հայկական դիրքերի վրա, պաշարման օղակը սեղմվել է աստիճանաբար: Հրետանին քարուքանդ էր արել հայկական բոլոր ամրությունները, և զինվորական խորհուրդը հրամայել է ամրանալ ամերիկյան բարեգործական հաստատություններում, մայր եկեղեցում և դիմագրավելու հարմար շինություններում: Ի վերջո թուրքերին հաջողվել է հոկտեմբերի 23-ին ճնշել դիմադրության հիմնական կետերը, սակայն ինքնապաշտպանները անձնվիրաբար կռվել են մինչև նոյեմբերի կեսը, բազմաթիվ հայեր, այդ թվում՝ Մկրտիչ Յոթնեղբայրյանը, թշնամու ձեռքը չընկնելու համար ինքնասպանություն են գործել: Մոտ 15 հազար կին և երեխա աքսորվել են Դեյր էլ-Զոր և Հալեպ: Միայն Հալեպում սովից և վարակիչ հիվանդություններից օրական մահացել են 150-200 տարագիր հայեր:

 


Ինքնապաշտպան, մարտերի ընթացքում թուրքերի կորուստները, ըստ գերմանական աղբյուրի, կազմել են 50 սպանված և 120-130 վիրավոր, ըստ Ջ. Բրայսի՝ 7 սպա և 400 զինվոր սպանված. ըստ թուրք, աղբյուրի՝ 20 սպանված և 50 վիրավոր, անգլիական հրամանատարությանը ներկայացված տվյալներով՝ 3000 սպանված, իսկ հերոսամարտի մասնակից Օ. Թիթոյանի տվյալով՝ 2000 սպանված:
Ուրֆայի հերոսական պաշտպաններին բարձր են գնահատել ժամանակակիցները: Ֆրիտյոֆ Նանսենը գրել է. որ Ուրֆայի հայերը զոհվեցին բազում անգամ թվով գերազանց թշնամու դեմ կատաղի պայքարից հետո, իսկ Անրի Բարբին գրել է.«... «Ուրֆայում հայերը մի իսկական կռվի մեջ մտան թուրք ջարդարարների դեմ և տեղի տվեցին միայն կառավարության կողմից ուղարկված զորքերի բազմաքանակությանը»: Ուրֆայի հայերի արիությունը ընդունեց նաև թշնամին՝ Ֆահրի փաշան. «Ինչ կլիներ մեր վիճակը, եթե այս ծանր օրերին, մի քանի Ուրֆաներ մեր դեմ այսպես ծառանային»: Ուրֆայի 24-օրյա հերոսական ինքնապաշտպանությունը հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի պատմության փառավոր էջերից է:

 


Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո, 1918-20 թթ. ողջ մնացած ուրֆացի հայերը (մոտ 6000 մարդ) վերադարձան իրենց ծննդավայրը, սակայն քեմալական հալածանքների պայմաններում հարկադրված եղան մինչև 1923-ը հեռանալ Սիրիա (Հալեպ, Դամասկոս), Ֆրանսիա, Ամերիկա, իսկ մի մասն էլ ներգաղթեց Խորհրդային Հայաստան:
Աշտարակի շրջանում ստեղծվել է Նոր Եդեսիա ավանը, որտեղ կառուցվել է Ուրֆայի հերոսամարտի զոհերին նվիրված հուշարձան:

 


Վահե Մոսինյան - ՀՊՄՀ Համաշխարհային պատմության ամբիոնի ասպիրանտ, ՀՀ ԳԱԱ Հայկական հանրագիտարան հրատարակչության գիտխմբագիր: