«... Մարդիկ իսկապես ուզում են հասկանալ, ի՞նչ է առաջարկվում, այսպես ասած՝ «խոպանչիների հա՞րկ», թե՞ մեկ այլ բան: Տարօրինակ է, բայց մարդիկ որքան ավելի շատ բացատրություններ ու մեկնաբանություններ էին լսում, էլ ավելի էին խճճվում:

 

...Լավ, իսկ մի՞թե այդքան դժվար էր նախապես ծանուցել, որ նման մտադրություն կամ առաջարկություն կա: Այսպես ասած՝ տնտղել հանրության տրամադրությունները, տնտեսագետների, մասնագետների, հասարակության ներկայացուցիչների ներգրավմամբ ինչպես հեռուստատեսային, այնպես էլ՝ դահլիճային քննարկումներ կազմակերպել, զտել, զուլալել եւ պարզ ու հասկանալի, մեծամասնությանն ընկալելի ձեւակերպումներով մի հանրագումարի հանգել: Առավել եւս, որ գերհրատապ կամ կենսական հարցի մասին չէ խոսքը:
Մենք, պարզվում է, սիրում ենք «վերջից» գնալ:...

 

...Նաեւ հարց է ծագում. իսկ արդյոք հենց դա՞ է մեր տնտեսական առաջնահերթությունը: Կարծես թե բյուջեի եկամուտները համալրելու այլ շեշտադրումներ պետք է լինեին առաջին հերթին: Խոսքը հասկանալի է, ոչ մի կերպ նվազել չպատրաստվող ստվերային տնտեսության մասին է: Իսկ այստեղ՝ արտագնա աշխատանքի մեկնող ներկարարների կամ «մետլախ խփողների» եկամտահարկ:
Առհասարակ կառավարության առանցքային ու առաջնային մտահոգությունը շատերի նման կարծում ենք, որ պետք է Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծմանը նպատակաուղղված քայլերը լինեն, այլ ոչ թե արտագնա աշխատուժին մի հատ էլ հարկային նորարարությամբ երկրից առհասարակ վանելու ինչ-որ նախաձեռնությունը: Առավել եւս, երբ այդ օրինագիծը հրապարակ է բերվում առանց քիչ թե շատ ընկալելի նախապատրաստական աշխատանքի:

 

Գուցե քաղաքական այրերը հասկանում են, թե ինչ են անում: Հնարավոր է, լրագրողներն էլ են հասկանում, թե նրանք ինչ են ասում: Բայց պրոբլեմն այն է, որ մարդկանց մեծ մասը սկսում է նրանց բոլորին չհասկանալ:...»

 

Արմեն Հակոբյան