ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏ
Տիգրան Երկրորդի (Ք.ա. 95-55 թթ.) օրոք Հայաստանը դուրս եկավ միջազգային լայն ասպարեզ և Ք.ա. I դ. առաջին քառորդին արդեն Առաջավոր Ասիայի քաղաքական հզոր ուժերից մեկն էր: Հայաստանը դարձավ հելլենիստական մի մեծ պետության միջուկը և տիրացավ հսկայական հարստությունների: Տիգրանը, հետևելով հելլենիստական ավանդույթներին, Աղձնիքում կառուցեց նորաստեղծ կայսրության մայրաքաղաք Տիգրանակերտը (մ.թ.ա. 80-ական թվականների վերջերին)։
Տիգրան Մեծը, հելլենիստական մյուս խոշոր տիրակալների նման, իր անունով հիմնադրել է մի շարք քաղաքներ, ինչպես Մեծ Հայքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Գրավոր սկզբնաղբյուրներից հայտնի է Տիգրանավանը Գողթնում, Տիգրանա(վան)-ը Մարաստանում, Տիգրանակոմեն Լիբանանում, Տիգրանակերտ անունով երկու քաղաքներ Արցախում և Ուտիքում: Սակայն նրա քաղաքաշինական գործունեության պսակը պիտի լիներ Հայաստանի և Միջագետքի սահմանին կառուցվող ամենամեծ Տիգրանակերտը։
Տիգրանի կառուցած Տիգրանակերտները, բացի Արցախի Տիգրանակերտից, առ այսօր տեղորոշված չեն:
Մայրաքաղաք Տիգրանակերտի տեղը շատ աղբյուրներ ցույց են տալիս Տիգրիսի վերին հոսանքի շրջանում, մի մասը նշում է Տիգրիսից հյուսիս, մյուսը' հարավ: Թեև ընդունված է Լեման Հաուպտի և Վալդեման Բելքի տեսակետը, որոնք Տիգրանակերտը տեղադրում են Տիգրիսից հյուսիս, Նփրկերտի տեղում (հետագայում հայտնի Մայաֆարկին, այժմ՝ Սիլվան քաղաքի մոտ), սակայն մինչև օրս վեճերը շարունակվում են:
Լեման-Հաուպտի վարկածի օգտին է խոսում նաև Տակիտոսի այն հաղորդումը, որ «քաղաքային ամրությունների մի մասի առաջ հոսում է Նիկեփորիոն բավական լայնահուն գետը»: Այս գետը Պլինիոսը համարում է Տիգրիսի ձախակողմյան վտակներից մեկը: Ավելին' Տիտոս Լիվիոսից կրճատած-փոխադրած մի հատվածում Եվտրոպիոսը ասում է, որ Տիգրանակերտը գտնվում է Աղձնիք երկրի սահմաններում, այսինքն' Տիգրիսի հյուսիսակողմում: Այս իրողությունը փաստվում է նաև բոլոր հին աշխարհագիրների կողմից, ովքեր ընդունում են, որ քաղաքը գտնվել է Տիգրիսի հյուսիսային կողմում։ Սա տեսնում ենք և՛ Պևտինգերյան, և՛ Պտղոմեյան քարտեզներում։
Տիգրանակերտը Տիգրան Մեծի համար ուներ խորհրդանշական մեծ նշանակություն․ Հռոմեական պատմիչ Ապիանոսը վկայում է, որ հայոց արքան իր նոր մայրաքաղաքը կառուցեց «մի վայրում, ուր նա առաջին անգամ իր գլխին կրեց Հայաստանի թագը»:
Տիգրանակերտը բնակեցնելու համար հայոց արքան ձեռնարկեց հին աշխարհում շատ տարածված մի երևույթ՝ սինոյկիսմոսը․ մարդկանց մեծ զանգվածների վերաբնակեցում։ Պատմիչները վկայում են, որ Տիգրան Մեծը Կապադովկիայի և Կիլիկիայի քաղաքներից Հայաստան բերեց շուրջ 300 հզ․ մարդ։ Բացի դրանից, վկայվում է նաև, որ Տիգրան Մեծը մոտ 100 հզ․ մարդ Հայաստան բերեց Միջագետքի և Սիրիայի քաղաքներից։ Անուղղակի տեղեկություններ կան նաև այն մասին, որ Հայաստան են տեղափոխվել շուրջ 100 հզ․ հրեաներ։ Այսպիսով, ընդհանուր առմամբ Հայաստան է տեղափոխվել և վերաբնակեցվել շուրջ 500 հզ․ մարդ, որոնց բնակեցրեցին ոչ միայն նորակառույց Տիգրանակերտներում, այլև հին քաղաքներում․ Երվանդաշատ, Արտաշատ, Զարիշատ ևն։
Ըստ ակադ․ Գագիկ Սարգսյանի՝ մայրաքաղաք Տիգրանակերտն ունեցել է շուրջ 100 հազարանոց բնակչություն։
Ինչպես հելլենիստական աշխարհի մյուս խոշոր կենտրոններում, Տիգրանա-կերտում ևս ծաղկելու էին տնտեսության ճյուղերը, գիտություններն ու պոեզիան: Պլուտարքոսի վկայությամբ Տիգրանակերտում են բնակվել Մետրոդորոս Սկեպսացին և աթենացի հռետոր Ամֆիկրատեսը։
Ապպիանոսը վկայում է, որ Տիգրանակերտն ուներ 50 կանգուն (25-26 մ) բարձրությամբ պարիսպներ, որոնք այնքան լայն են եղել, որ դրանց մեջ կային ձիերի բազմաթիվ ախոռներ և պահեստներ: Քաղաքի արվարձանում Տիգրանը հիմնել է մի պալատ ընդարձակ զբոսայգիներով, որսատեղիներով ու լճերով․ դրանց հարևանությամբ կառուցել մի հզոր ամրոց։ Ամենայն հավանականությամբ քաղաքն ունեցել է նաև ամրացված միջնաբերդ։ Պլուտարքոսի վկայությամբ Տիգրան Մեծը նոր մայրաքաղաքում կառուցել է նաև Ամֆիթատրոն։
Տիգրանակերտն <<Արքունի պողոտայով>> միացվել է Արտաշատին։
Տիգրանակերտ մայրաքաղաքը եղել է ամուր պաշտպանությամբ քաղաք, այդ մասին է վկայում այն հանգամանքը, որ Լուկուլլոսի զորքերին 5 ամիս շարունակ չի հաջողվել նվաճել քաղաքը։ Հռոմեացիները Տիգրանակերտը նվաճեցին միայն քաղաքի օտարազգի բնակչության դավաճանության արդյունքում։
Տիգրանակերտի մասին հաջորդ հիշատակությունը կապված է մ.թ. I դ. կեսերին հայկական գահի շուրջ' պարթևների և հռոմեացիների միջև ծավալված պայքարի հետ: Պարթևների թագավոր Վաղարշը, հարձակվելով Հայաստանի վրա, դուրս է քշում Հռոմի դրածո Հռադամիզդին և գահը հանձնում իր եղբայր Տրդատին: Ինչպես Տակիտոսն է ասում, «Արտաքսատա և Տիգրանակերտ քաղաքներն ընդունում են նրա հպատակությունը»: Հռոմեացիները չեն հանդուրժում հայկական գահի կորուստը, և Ներոնի' կայսր դառնալուց հետո (51-68 թթ.) սենատը արևելք է ուղարկում Կորբուլոնին (55 թ.): Վերջինս, 58 թ. տիրանում է Արտաշատին: 59 թ. ավերելով և հրդեհելով քաղաքը' շարժվում է դեպի Տիգրանակերտ: Ճանապարհին պատգամավորներ են գալիս Տիգրանակերտից ու Կորբուլոնին հայտնում, որ «քաղաքի պարիսպները բաց են, և քաղաքացիները սպասում են հրամանի», և ոսկե սպասք են նվիրում նրան:
Հայկական գահի համար Ներոնը Հայաստան է ուղարկում Տիգրանին, որը Կապադովկիայի թագավոր Արքելայոսի թոռն էր և երկար ժամանակ Հռոմում պատանդ էր: Տիգրանը (60-61 թթ.) մայրաքաղաք է դարձնում Տիգրանակերտը, որովհետև Արտաշատն ավերված էր, բացի այդ, Տիգրանակերտը մոտ էր Սիրիային: Այդ կապակցությամբ Տակիտոսն ասում է, որ Տիգրանակերտը հզոր պարիսպներ ուներ, շրջապատված էր բավականին լայն Նիկեփորիոն գետով, իսկ այնտեղ, որտեղ Նիկեփորիոնը հուսալի պահպանություն չէր ապահովում, հսկայական խանդակ էր փորված։ Այսինքն, Տիգրան Մեծը, Պոմպեոսի հետ կնքած հաշտության պայմանագրից հետո, վերականգնել է Լուկուլլոսի ավերած քաղաքը:
Տիգրանակերտի մասին հաջորդ տեղեկությունը վերաբերում է Տրդատ Երրորդ Մեծի ժամանակաշրջանին: Դա Տիգրանակերտի' կրաքարերից կառուցված պարիսպների վեց դարպասներից մեկի՝ հյուսիսային ձախ կողմի պատի ճակատին, շարվածքի տարբեր մասերում տեղադրված քարերի վրայի հունարեն արձանագրությունն է: Այն պատմում է քաղաքացիների' թագավորի դեմ բարձրացրած ապստամբության մասին:
Փավստոս Բուզանդի վկայությամբ 364-368 թթ․ Շապուհ Երկրորդը հարձակվում է Հայաստանի վրա և մյուս քաղաքների թվում ավերում է նաև Տիգրանակերտը, գերեվարում 40 հզ․ ընտանիք։
Իսկ Մովսես Խորենացին հաղորդում է, որ Շապուհ Երկրորդին առաջին գրոհի ժամանակ չի հաջողվում գրավել Տիգրանակերտը։ Այն հանձնվում է երկրորդ գրոհի ժամանակ։
Այնուհետև Տիգրանակերտը կորցրել է իր նախկին մեծ դերը, աստիճանաբար անկում ապրել' վերածվելով փոքր բնակավայրի:
Արցախի Տիգրանակերտը. համառոտ ակնարկ
Արցախի Տիգրանակերտը գտնվում է ԼՂՀ Ասկերանի շրջանում, Խաչենագետի ներքնահովտում: Այն տարածվում է Վանքասար լեռան հարավ-արևելյան ներքնալանջի վրա և այդ լանջին կից գոգավորությունում' Արքայական աղբյուրների (Շահբուլաղ) հարևանությամբ՝ զբաղեցնելով ավելի քան 70 հեկտար տարածություն:
Քաղաքի հետքերը 2005թ. հայտնաբերել և նրա տարածքում հնագիտական պեղումներ է իրականացնում Հայաստանի հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի արշավախումբը:
Պեղված հարուստ հնագիտական նյութի հիման վրա 2010 թ. ստեղծվել է քաղաքի հնագիտական թանգարանը:
Պեղումների արդյունքում ուրվագծվում է քաղաքի հիմնական կառուցվածքը. ամրացված թաղամասը Միջնաբերդով հանդերձ, Կենտրոնական թաղամասը, Անտիկ թաղամասերը, անտիկ և վաղքրիստոնեական դամբարանադաշտերը: Պեղումները վկայում են, որ քաղաքը, հիմնադրվելով մ.թ.ա. առաջին դարում, հարատևել է մինչև 14-րդ դարը: 18-րդ դարում Խաչենի մելիքությանը պատկանող այս տարածքում ամրոց, մզկիթ, շուկա և այլ շինություններ է հիմնել Փանահ խանը:
Բոլոր կառույցներն իրականացվել են տեղական սպիտակ կրաքարով, ինչը քաղաքին տվել է սպիտակ արտաքին տեսք։ Պարսպի կառուցման ժամանակ կիառվել են <<ծիծեռնակապոչ>> կապեր։
Պեղածո նյութերի մեջ առանձնակի նշանակություն ունի 2008 թ․ վաղքրիստոնեական բազիլիկայի պեղումների ժամանակ հայտնաբերված խեցեղեն փոքրիկ սկավառակը։ Դրա մի երեսին փորագրված է շրջանի մեջ ներառված հավասարաթև խաչ, մյուս երեսին՝ մորթե գլխարկ կրող, բող-մորուքով տղամարդու դիմապատկեր։ Սկավառակի վրա փորագրված հայերեն արձանագրություններն արդեն իսկ մի վառ վկայություն են եկեղեցու, քաղաքի և ավելի ընդարձակ՝ Խաչենգետի ներքնահովտի վաղմիջնադարյան հայկական ինքնության մասին։
Վահե Մոսինյան