ԴԻԱՐԲԵՔԻՐ
Դիարբեքիր (Ամիդ) քաղաքը գտնվել է Արևմտյան Հայաստանում, Տիգրիս գետի աջ ափին: Եղել է Մեծ Հայքի Ծոփք նահանգում: Դիարբեքիրի հիմնադրման ժամանակն անորոշ Է: Ք.ա. 2-րդ հազարամյակի վերջին Դիարբեքիրը Ամեդու անունով հիշատակվում է Աքքադական սեպագիր արձանագրություններում: Ք.ա. IX դ. հիշատակվում է որպես Արամեական Բիտ-Զամանի կոչվող իշխանության կենտրոն: Ք.ա. IX-VIII դդ. գտնվել է Ուրարտական թագավորության գերիշխանության ներքո, մասնակցել է հակաասորեստանյան պայքարին:

 

Ք.ա. 730-ական թթ. Ասորեստանի Թիգլատպալասար III թագավորը գրավել և դարձրել է Ասորեստանի «Տուրտանի տուն» կուսակալության կենտրոնը: Ք.ա. VII դ. վերջից' Ասորեստանյան տերության կործանումից հետո Դիարբեքիրը միացվել է Հայաստանին: Հայոց ավանդական պատմությունը Դիարբեքիրի ամրությունների կառուցումը վերագրում է Տիգրան Երվանդյանին (Ք.ա. VI դ․ առաջին կես), որի անունով հայ պատմիչներն այն անվանել են նաև Տիգրանակերտ: Այդ պատճառով պատմագիտության մեջ Դիարբեքիրը շփոթել են Աղձնիք նահանգում Տիգրան Բ Մեծի հիմնած Տիգրանակերտի հետ:

 


Դիարբեքիրը Մեծ Հայքից անջատվել է 37 թ-ին, երբ պարթևա-հռոմեական համաձայնագրով Անդրտիգրիսյան հայկական գավառները կցվել են Պարթևաստանի վասալ Ադիաբենեի թագավորությանը:
Պարսկա-հռոմեական նոր համաձայնագրով 298 թ-ից Դիարբեքիրը անցել է Հռոմեական կայսրությանը:
332 թ-ին Կոստանդինոս Մեծ կայսրը վերակառուցել է քաղաքի ամրությունները, այն դարձրել հռոմեական ռազմակայան:
359 թ-ի հոկտեմբերի 6-ին Պարսից Շապուհ II արքան բերդաքաղաքը կարողացել է գրավել միայն 73-օրյա պաշարումից և համառ կռիվներից հետո:
Այնուհետև քաղաքին մինչև XVI դ. փոխնիփոխ տիրել են պարսիկները, բյուզանդացիները, արաբները, քրդերը, սելջուկ-թուրքերը, թաթար-մոնղոլները, թուրքմենները:

 


Սեֆյան շահ Իսմայիլի դեմ կռիվներում Սելիմ I սուլթանը գրավել է Դիարբեքիրը և 1515-ից ենթարկել օսմանյան թուրքերի տիրապետությանը: Սկզբում եղել է Դիարբեքիրի էյալեթի, իսկ 1864 թ-ից վիլայեթի կենտրոնը:
Դիարբեքիրի ամրությունները կառուցվել են միմյանց անշաղախ ագուցված վիթխարի քարերից: Պարիսպն ունեցել է 8 կմ երկարություն, 10 մ բարձրություն և 5 մ լայնություն: Պարիսպն ունեցել է 72 բարձրաբերձ ու կիսաբոլոր աշտարակ, որոնք խորհրդանշել են Քրիստոսի 72 աշակերտներին: Աշտարակներից 12-ը եղել են առավել հաստ ու բարձր և խորհրդանշել են 12 առաքյալներին: Կրկնահարկ աշտարակների ստորին հարկերը գործածվել են որպես մթերանոցներ, վերին հարկերը՝ զորանոցներ: Քաղաքն ունեցել է 4 մետաղակուռ դարպասներ, որոնք խորհրդանշել են 4 ավետարանիչներին:

 


Միջնաբևրդը գտնվել է քաղաքի հսյուսիս-արևելյան մասում, բարձրադիր ժայռի վրա: Այն շրջափակված էր քառադարպաս ու աշտարակավոր պարսպով: Միջնաբերդում գտնվող ապարանքներից նշանավոր էին Ոսկեզուն պալատը, ուր նստում էր կուսակալը կամ վիլայեթի փաշան, և Արքունի պալատը, որը շրջապատված էր պարտեզներով և շատրվաններով:
Քաղաքի ամրությունները, տները և այլ կառույցներ շինվել են գլխավորապես հանգած հրաբխային սև խանձաքարից, որից առաջացել է նրա <<Սև Ամիդ>> (թուրք. Կարա Ամիդ) մականունը: Կային նաև կիսաաղյուսաշեն կառույցներ:
Քաղաքի խմելու, ոռոգելու, բաղնիքներն ու ջրաղացներն աշխատեցնելու ջրերը մատակարարվում են արտաքին աղբյուրներից ու գետերից: Ջրատար ուղիները ամեն տարի հունիսին, պայմանավորված օրերին, մաքրվում ու բարեկարգվում Էին քաղաքացիների համատեղ ուժերով: Այդ օրերը վերածվում էին յուրատեսակ ժողովրդական տոնախմբության, ուղեկցվում Էին երաժշտությամբ, երգերով ու պարերով:
Դիարբեքիրում պահպանվել են միջնադարյան բազմաթիվ իջևանատներ, բաղնիքներ, վաճառանոցներ, եկեղեցիներ, մեջիդներ, գերեզմանոցներ և այլն: XX դ. սկզբին հայերն ունեին երկու եկեղեցի՝ Ս․Սարգսը և Ս․ Կիրակոսիը:
Դեռևս վաղ միջնադարում Դիարբեքիր հայ մշակույթի կենտրոն էր: V դ. պատմգաիր Ղազար Փարպեցին Դիարբեքիրում է գրել իր <<Հայոց պատմությունը>>:

 


Տարբեր ժամանակներում Դիարբեքիրում հայերի կողքին բնակություն են հաստատել ասորիներ, հրեաներ, արաբներ, քրդեր, թուրքմեններ, թուրքեր: Մինչև XX դ. սկիզբը Դիարբեքիրի բնակչության մեջ մեծամասնություն կազմող հայերը զգալի դեր էին խաղում տնտեսական և մշակութային կյանքում: Նրանք զբաղվում էին արհեստներով, առևտրով, երկրագործությամբ: Դիարբեքիրի մոտ գտնվող հանքերից արտահանում էին անագ, պղինձ, երկաթ: Մերձավոր Արևելքի շուկաներում հռչակված էր Դիարբեքիրի ոսկերիչների, ջուլհակների, ներկարարների, կաշեգործների, դերձակների արտադրանքը:
Դիարբեքիրի շուրջը տարածված էին շիկահողային բերրի դաշտեր, որոնք հնուց ի վեր հիշատակվում են որպես <<ցորենի շտեմարաններ>>: Հայերը զբաղվում էին նաև ձկնորսությամբ՝ Տիգրիսում: Դիարբեքիրի շուկայում վաճառվում էին հաց, բրինձ, կտավատ, խեժ, մեղր, սուրճ, ձուկ, մրգեր: XIX դ. վերջին Դիարբեքիրում կար 7 հայկ. վարժարան:

 


XIX դ. վերջին Դիարբեքիրում ապրում էր շուրջ 10 հզ․ հայ: Նրանց մի մասը զոհվել է 1895-ի համիդյան ջարդերի ժամանակ: Դիարբեքիրի ֆրանսիական փոխհյուպատոս Մեյրիեն գրում է, որ ջարդերը սկսվեցին նոյեմբերի 1-ին և տևեցին մի քանի օր: Միայն առաջին 3 օրում համիդյան ջոկատները տեղի խուժանի հետ ոչնչացրին ավելի քան 3 հզ. մարդ, կողոպտվեց ու հրկիզվեց մոտ 2000 տուն, 2500 խանութ ու կրպակ: Շուրջ 5000 հայի հաջողվեց փրկվել եկեղեցիներում և օտարերկրյա հյուպատոսարաններում: Բայց նրանք էլ բնաջնջվեցին 1915-ին՝ Մեծ Եղեռնի ժամանակ:
Այժմ Դիարբեքիրը Թուրքիայի համանուն վիլայեթի կենտրոնն է: Ունի 1 մլն. 300 հզ․ բն․ (2013): Ունի սննդի և ջուլհակային արդյունաբերության ձեռնարկություններ, ավտոհավաքման գործարան: Երկաթուղային կայան է և խճուղային ճանապարհների հանգույց:

 

 

Վահե Մոսինյան