Այն փաստը, որ Հայաստանի ԱԺ նախագահը հանդիպել է Հարավային Օսիայի խորհրդարանի խոսնակ Ա.Բիբիլովի հետ, բնական է, որ պետք է դուր չգար վրացական կողմին: Բայց կախված որոշ հանգամանքներից և մասնավորապես վերոնշյալ հանդիպման մասին տեղեկատվության բովանդակությունից և տարածման ձևից, իրավիճակը բավական սուր բնույթ ընդունեց:
Բանն այն է, որ մեր ՛՛բարեկամ՛՛ Ադրբեջանի պետական քարոզչամեքենայի անիվները մեծ արագությամբ սկսեցին պտտվել՝ կատարելով իրենց սև գործը: Ազդելով վրացական լրատվամիջոցների կողմից հրապարակվող տեղեկատվության վրա նրանց հաջողվեց որոշակի հաջողություններ գրանցել:
Նպատակային և մտածված ապատեղեկատվական, ուռճացված մոտիվներին հաջորդեց իրավիճակի հարթեցմանն ուղղված հայ-վրացական համատեղ գործողությունների ընթացք: Հիմնական մեխը դարձավ Հովիկ Աբրահամյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի հեռախոսազրույցը, ինչի արդյունքում ԶԼՄ-ներում տարածվող տեղեկատվական նյութերի բովանդակությունը փոխվեց:
Աստիճանաբար նաև փորձագիտական դաշտի ներկայացուցիչները ևս սկսեցին չեզոք կամ օբյեկտիվ կարծիքներ հնչեցնել տեղի ունեցածի կապակցությամբ: Ավելին. որոշ վրացի փորձագետներ Թբիլիսիին քննադատեցին կողմնակալ մոտեցումների համար, մասնավորապես նրանք հիշեցրել են, որ Ադրբեջանը և Թուրքիան բազմիցս հակավրացական քայլեր է արել, որին վրացական կողմը համարժեք պատասխան չի տվել կամ բացատրություն պահանջել:
Հ.Գ. Տվյալ իրադարության առնչությամբ կարող ենք մեկ բան արձանագրել, որ հայ-վրացական բարեկամական և բարձր մակարդակի հարաբերությունները հերթական անգամ թույլ տվեցին իրավիճակը հարթել:
Ալիկ Երոյանց