Եթե բացենք ԾԻԳ կոչվող հապավումը, ապա կստանանք Ծրագրերի իրականացման գրասենյակ տարողունակ մի անվանում:
Եվ եթե պարզենք նաև, թե ինչպիսի խոշոր ծրագրեր են իրականացնում այդ գրասենյակները, առողջապահական, սոցիալական խնդիրներից մինչև շինարարական խոշոր նախագծեր, այդ թվում՝ «Հյուսիս-Հարավ» ճանապարհի նման շինարարություն, ապա հասկանալի կդառնա, թե ինչու, կառավարությունում քննարկելով նրանց գործունեության հաշվետվությունները, Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, կարևորելով կատարած աշխատանքը և աջակցություն հայտնելով, ասել է, որ ոչ օբյեկտիվ պատճառներով թերացումների պատասխանատուները կենթարկվեն համապատասխան պատասխանատվության:
Ավելին, հակակոռուպցիոն հանձնաժողովի ղեկավարի դիրքերից վարչապետը ԾԻԳ-երի ներկայացուցիչներից պահանջել է զերծ մնալ որևէ տեսակի կոռուպցիոն դրսևորումներից և հատուկ ընդգծել, որ հատկապես այս հարցում լինելու է առավելագույնս հետևողական: Վարչապետը նաև կարևորել է ԾԻԳ-երի կողմից իրականացվող բոլոր գործընթացների թափանցիկությունը:
Հ.Գ. Եթե վարչապետը որևէ օղակից պահանջում է զերծ մնալ կոռուպցիոն դրսևորումներից, ապա պետք է ենթադրել, որ լուրջ հիմնավորումներ կան: Ուստի, գործընթացների թափանցիկության անհրաժեշտությունից ելնելով, պետք է հուսալ, որ առաջիկայում կիմանանք նաև վարչապետի վերահսկողական ծառայության կատարարած ուսումնասիրությունների արդյունքների մասին:
Տիգրանուհի Դավթյան