Էներգետիկ գործոնը արդի աշխարհաքաղաքական գործընթացներում ունեցած իր դերակատարմամբ հանդիսանում է այն կարևորագույն օղակը, առանց որի տրամաբանությունը հաշվի առնելու կամ հասկանալու միջազգային միջտարածաշրջանային ու աշխարհաքաղաքական գործընթացները ու դրանց ընթացքը կանխորոշող քաղաքական վեկտորի ուղղությունը հասկանալը, առավել ևս, քաղաքագիտական կանխատեսումներ անելը արդի փուլում գրեթե անհնար է: Վերոնշյալի ֆոնին սույն թվականի ապրիլի 6-ին շվեյցարական Լոզան քաղաքում Իրանի միջուկային ծրագրի շուրջ կայացած բանակցություններում ձեռք բերված համաձայնությունները էական հորիզոններ են կանխանշում մեր արտաքին քաղաքական օրակարգում:

 

Գաղտնիք չէ ՝ Իրանի նկատմամբ արդեն երեք տասնամյակից ավել կիրառվող տնտեսական և քաղաքական պատժամիջոցների վերացումը նոր ընթացք կհաղորդի միջտարածաշրջանյան հարաբերություններին՝ կապված իրանյան էներգակիրների՝ դեպի եվրոպական շուկաներ տանող ճանապարհների փնտրտուքի հետ: Հաշվի առնելով մերձկասպյան տարածաշրջանում էներգակիրների շուրջ ձևավորված ոչ պարզունակ առկա հարաբերությունները՝ Իրանի էներգետիկ շուկա մուտքի կամ վերադարձի ցանկացած նոր իրադարձություն ինքնին հնարավորություն է ՀՀ-ի տարածաշրջանային ապաշրջափակման լուրջ առարկայական հանգրվան ապահովելու համար:

 


Հայրենի քաղվերլուծական շրջանակները նույնպես լուրջ խանդավառությամբ ընդունեցին Իրան-Արևմուտք հարաբերություններում արձանագրված հալոցքի շրջանը՝ այն դիտարկելով ՀՀ արտաքին դիվանագիտական օրակարգի կարևոր ուղղություններից մեկը: Վերոնշյալի շուրջ կլոր սեղաններ ու առավել հանգամանալից զեկուցումներ կազմակերպվեցին միջազգային ու տարածաշրջանային հիմնախնդիրներով զբաղվող <Կովկաս> ինստիտուտում և <ՄԱՀՀԻ>-ում (Միջազգային և Անվտանգության Հարցերի Հայկական Ինստիտուտ), որտեղ փորձ կատարվեց իրանական ուղղությունը ներկայացնել ՀՀ-ում ռուսական էներգետիկ մոնոպոլ ներկայությանն ու ուղղությանը հակադիր ետնապատկերին: Բանախոսները, հիմք ընդունելով ՌԴ պատասխանատու օղակների բավականին սառը վերաբերմունքը Իրանի շուրջ կայացած համաձայնություններին, Իրան-Արևմուտք հարաբերությունները միայն դիտարկում էին աշխարհաքաղաքականության՝ Արևմուտք-ՌԴ հարաբերությունների սառեցման, գուցեև կարևոր, բայց ոչ միակ ֆորմատում: Աշխարհաքաղաքական գործընթացների բազմաբովանդակության մասին բավականին խոսուն ապացույցի ականատեսը դարձանք բոլորովին վերջերս, ինչը մեր արտաքին քաղաքականության պատասխանատու շրջանակներին ուղղված ուղերձ է, ինչի համաձայն որպես իրանական էներգակիրների արտահանման հնարավոր ուղղություններից մեկը կարող է դիտարկվել Հայաստանի Հանրապետության տարածքը: Աշխարհաքաղաքականության տեսանկյունից ավելի կարևոր է, ՀՀ տարածքի դիտարկումը՝ որպես իրանական էներգակիրների դեպի Արևմուտք տարհանման հնարավորությունը նաև Ռուսաստանի Դաշնության ռազմավարական շահերի շրջանակում դիտարկելը: Թե ինչու և ինչպես կփորձեմ անդրադառնալ հաջորդիվ:

 


Բոլորովին վերջերս՝ սույն թվականի Մայիսի մեկին, Թուրքմենստանի մայրաքաղաքաք Աշխաբադում, ԵՄ էներգետիկ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Միրոշ Շեֆչովիչը ԵՄ անունից Մերձկասպայան տարածաշրջանի պետություններ Թուրքմենստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակություննների հետ վարած բանակցությունների արդյունքում ձեռք է բերվել համաձայնություն «Տրանսկասպյան» գազատարի կառուցման շուրջ, որի համաձայն թուրքմենական գազը Կասպից ծովի հատակով պետք է հասնի Ադրբեջան, իսկ այնտեղից էլ գործող «Թուրքական հոսքով» դեպի Եվրոպա: «Տրանսկասպյան» գազատարը հակասում է Ռուսաստանի և Իրանի տարածաշրջանում ունեցած էներգետիկ ծրագրերին: Ռուսասատանը և Իրանը ոչ միայն անհամաձայնություն են հայտնել վերոնշյալ գազատարի շուրջ ձեռք բերված համաձայնություններին, այլ պայմանավորվել են զարկ տալ այլընտրանքային էներգատարանցման ուղղությունների կառուցմանը, ինչը մի քանի անգամ մեծացնում է ՀՀ Իրան-Ռուսաստան էնեգետիկ համագործակցության ապագա քարտեզը ՀՀ տարածքում հատելու թեորետիկ հնարավորությունը պրակտիկի վերածելու շանսը:

 


Իրանական գազի և նավթի պաշարների քանակը (գազի ծավալներով Իրանը հանդիսանում է երկրորդ երկիրը աշխարհում, իսկ նավթի ծավալներով գտնվում է առաջին հնգյակում) ինքնին արդեն լուրջ գործոն է դեպի արևմտյան շուկա արտահանման տեսանելի հեռանկար գծագրելու համար: Ինչպես պնդում են իրանական ու արևմտյան շատ վերլուծաբաններ, կայացած հանգամանք է, որ իրանական էներգակիրները պիտի հասնեն Եվրոպա, մնում է պարզել, թե որտեղո՞վ և ինչպե՞ս: Հաշվի առնելով ԻԻՀ-ի՝ միջտարածաշրջանային հարաբերությունների մակարդակում Թուրքիայի և Ադրբեջանի հետ ունեցած գաղափարական, կրոնական, տարածքային և քաղաքական խնդիրների բնույթը՝ կարծես՝ ՀՀ դերակատարման հորիզոնները այնքան էլ մշուշոտ չեն :

 


Եվ հենց այս պայմանականորեն ձևակերպված «ինչպես»-ն ու «որտեղ»-ովն էլ մոտակա ժամանակների մեր արտաքին քաղաքական օրակարգի ռազմավարության հիմնահարցերից առաջնայինները պետի հանդիսանան: Օրինաչափ է , որ պետությունների արտաքին քաղաքական բազմաբովանդակ ու տարաբնույթ օրակարգում ինչ-ինչ գերակա ուղղությունների առկայությունը: «Հայոց ցեղասպանության» միջազգային ոգեկոչման ու հայոց պահանջատիրության արտաքին քաղաքական օրակարգում զբաղեցրած գերակայությանը զուգահեռ ու, ոչ պակաս կարևորությամբ, պետք է մոտենալ իրանական էներգակիրների տարանցման հետագա քարտեզում ՀՀ ամրագրմանը, նամանավանդ, որ երկու խնդիրներն էլ, գտնվելով զուգահեռ կարևորության տիրույթներում՝ հատվում են միևնույն Թուրքիայի տարածքում:

 

 

 


Անդրանիկ Գրիգորյան