Այսօր օծվեց Ս. Աննա եկեղեցին, առանց հավատացյալների. հավատացյալների մուտքը եկեղեցի խստիվ արգելված էր, հրահանգել էին մարդ չմտնի, մենք' մերոնցով... Ես էլ մեր ժողովրդի հետ դրսում մնացի, որովհետև ես ով եմ, որ եկեղեցի մտնելու հնարավորություն ունենայի, թեև երբ փորձեցի պարզել, թե դռները ինչու են կողպել, թիկնապահները ասացին, թե ավելորդ մարդիկ չեն կարող եկեղեցի մտնել, հետո դռները կբացվի, կմտնեն... Երբ ասացի լրագրողների առաջ էլ եք դուռ փակում, թիկնապահները վրա տվեցին, թե լրագրողները արդեն ներսում են, ով պետք է եկել է... Դե ես էլ, ինչպես շատ ու շատ հավատացյալներ մնացինք դրսում... Առիթ էլ չհամարեցի, ուռուգլուխ թիկնապահներին ինչ-որ բան բացատրել, ես էլ մեր ժողովրդի հետ մնացի դրսում, չփորձեցի անգամ, որպես լրագրող ներս մտնել, որովհետև ես էլ այն մեկն եմ, ում առաջ դռները փակ են... Օծվեց Ս. Աննա եկեղեցին, առանց հավատացյալների, այո', առանց կողմնակի մարդկանց ներկայությամբ, դե որովհետև արգելված էր եկեղեցի մուտք գործելը, դե որովհետև հրաման կար, հրամանը վերևից էր իջել:
Եկեղեցու դռնելը կողպել էին, դե ինչպես որ հարկն է Սերժ Սարգսյանը պետք է ժամաներ, իսկ որտեղ Սերժ Սարգսյանը, այնտեղ բոլոր դռները կարծես ինքնաբերաբար փակվում են մարդկանց առջև: Մարդիկ հեռանում էին եկեղեցու բակից, գլուխները տարուբերելով, զայրացած էին շատերը... Ու մենք դեռ բողոքում ենք, թե ինչու են մարդիկ այսօր անհավատ դարձել, ինչու մարդիկ չեն հավատում, ինչու են մարդիկ անտարբեր դարձել հոգևորի... ինչու մարդիկ եկեղեցի չեն գնում... մի խոսքով օրեր առաջ էլ, երբ Սերժ Սարգսյանը գնացել էր Երևանի պետական համալսարան, համալսարանի դռները նրանից հետո չէր բացվել: Ուսանողները համալսարանի բակում ստիպված էին երկար սպասել... Հիմա ինչ, ինչքան կարելի է վախվորած ապրել, Սերժ Սարգսյանը ումից և ինչի համար է վախենում...
Արթուր Հայրապետյան