Սկսեք Ձեզնից, տիկին Հակոբյան
Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ ներգրավելու «ուշագրավ» առաջարկ է արել սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և անմիջապես արժանացել լրատվամիջոցների կծու արձագանքին:
Եվ դա բնական է. չի կարելի համախմբման կոչ անել հանդիմանելով, մուննաթով, մանավանդ, երբ կոչը կամ հորդորն ուղղված է ամբողջ սփյուռքահայությանը: Ավելին, նման միտք հնչեցվել է դեռևս 2013 թվականին սփյուռքի ֆինանսիստների համաժողովի ժամանակ ու արժանացել մասնակիցների հոտնկայս ծափահարություններին:

 

Ուրեմն, ինչն է պատճառը, որ Հայաստանը ֆինանսական կենտրոն դարձնելու ցանկությամբ տոգորված նախկին կառավարությունը, որի կազմում ևս տիկին Հակոբյանը զբաղեցնում էր սփյուռքի նախարարի պաշտոնը, իսկ ֆինանսիստների համաժողովն էլ անցկացվել է իր ղեկավարած կառույցի բարձր հովանու ներքո, մեղմ ասած՝ չի հաջողվել այդ իսկապես ուշագրավ առաջարկությունն իրականացնելու գործում, և վերջապես, ինչու չի գործում համահայկական բանկի գաղափարը:
Սկսիր քեզնից. որևէ նոր մտահղացում, գաղափար իրականացնելու ամենաարդյունավետ ձևը սեփական օրինակն է, մերձավորներին, ինչու ոչ նաև տեղացի մեծահարուստներին և օլիգարխներին սեփական օրինակով վարակելը:

 

Սփյուռքը դեմ չի, ամենամյա հեռուստամարաթոնները ևս դրա վկայությունն են:
Հովհաննես Թումանյանը 100 տարի առաջ էր պնդում, որ մեր փրկությունը մեր ներսից է լինելու, մեր ներսում պետք է փոխվենք:
Այսօր այս դեպքում դա նշանակում է նախևառաջ բարելավել ներդրումային միջավայրը, մեծացնել հետաքրքությունը Հայաստանի տնտեսության հնարավորությունների հանդեպ և դրանց մասնակցելու իրական երաշխիքներ և վստահության մթնոլորտ ձևավորել:
Ներկա կառավարությունն այս ուղղությամբ որոշակի ջանքեր, կարծես թե գործադրում է:
Ավելին ունենալու համար անհրաժեշտ է կրավորական, սպասողական կեցվածքի, ոչինչ չտվող հռետորաբանության փոխարեն իսկապես համախմբվել համազգային այնպիսի ծրագրերի շուրջ, որոնցից մեկն էլ, անշուշտ, համայն սփյուռքի մասնակցությամբ համահայկական բանկ, ներդրումային հիմնադրամ կամ հայաստանյան բանկերում ավանդների ներգրավման գաղափարն է:

 

Ավելին, դրա նպատակը պետք է լինի ոչ միայն Հայաստանի տնտեսության կայունացումն ու զարգացումը, լինի ոչ թե միայն հայաստանակենտրոն, այլև ներառի ամբողջ Սփյուռքի մարտահրավերները: Ամենաթարմ օրինակը, թերևս, սիրիահայ համայնքի աղետալի վիճակն է:

 

 

Ալիսա Մանուկյան