«Արմնյուզ» հեռուստաընկերության «Երեկոյան Երևան» հաղորդաշարի հյուրն էր Արամ MP3-ը: Զրույցը բավականին ընդգրկուն էր և հաճելի: Նախ այն, բնականաբար, չէր կարող շրջանցել Ցեղասպանության 100-րդ տարելիցը և դրա այն հատվածը, որը կապված էր շոու-բիզնեսի հետ: Խոսվեց Արամ MP3-ի բավականին հուզիչ «Գարուն ա» տեսահոլովակի մասին, որը ամբողջությամբ նկարահանվել էր մեկ կադրի մեջ՝ Կոմիտասի երգի հիման վրա: Արամը ասաց, որ դա փոքրիկ ներդրումն էր զոհերի հիշատակի ոգեկոչման գործում. «Ես իմ ձևով փորձեցի անդրադառնալ Ցեղասպանության 100-րդ տարելիցին. Որոշվեց «Գարուն ա» երգը, քանի որ այն ասոցացվում է Ցեղասպանության հետ»:
Երգը ունեցել էր բավականին շատ դրական արձագանքներ լսողների կողմից, ինչի մասին Արամ MP3-ը ուներ իր սեփական մեկնաբանությունը. «Քանի որ ոչ մի կոմերցիոն միտումներ և նպատակներ չունեի այս տեսահոլովակի հետ կապված, ուղղակի երգել եմ այն, ինչ սիրտս էր ուզում և փորձել եմ դա ցույց տալ տեսահոլովակի միջոցով, երևի դրա համար էլ դրական էին արձագանքները: Քար լռություն էր նկարահանման հրապարակում, դրա համար կարողացա մաքսիմալ անկեղծանալ»:

 


Արամը նաև դրական էր վերաբերվում այն փաստին, որ հայկական բազմաթիվ երգիչ-երգչուհիներ հանդես էին եկել սեփական տեսահոլովակներով՝ Ցեղասպանության մասին. «Ամեն մեկը փորձում է անել յուրովի և իր ունկնդրին ներկայացնել այն վիշտը, որը մենք կրում ենք արդեն 100 տարի: Բնականաբար, երգիչները պետք է երգեն այդ մասին, դերասանները պետք է խաղան: Եվ ոչ միայն ապրիլի 24-ին, այլ ընդհանրապես: Սա այն պահն է, երբ եզրին էր հասել ամեն ինչ: Դրա համար բոլորը փորձեցին իրենց բոլոր լծակները օգտագործել թե’ համացանցով, թե’ հեռուստատեսությամբ, թե ուղղակի համերգներով, որպեսզի ցույց տան աշխարհին այն, ինչ տեղի է ունեցել և ինչ մյուսները չեն ուզում ընդունել»:
Իսկ հաղորդավարներից մեկի հարցին՝ թե ճի՞շտ է արդյոք, որ երգիչներից ով ցանկացավ, տեսահոլովակ նկարահանեց Ցեղասպանության թեմայով, Արամը ասաց, որ դա նույնիսկ գովելի է. «Ամեն մեկը արտահայտվելու իր ձևն ունի: Ամեն մեկը յուրովի փորձել է խնդիրը բարձրաձայնել, և սա գովելի փաստ է: Շնորհակալություն բոլորին, ովքեր մասնակցել են»:

 


Բնականաբար խոսք գնաց նաև համացանցը ցնցած SOAD-ի համերգի մասին: Ըստ Արամի, SOAD-ի համերգը այդ օրը միավորել էր բոլորին' անկախ երաժշտական ճաշակից և նախասիրություններից. «Ես Հրապարկում տեսա այնպիսի մարդկանց, ովքեր ընդհանրապես կապ չունեին ռոք երաժշտության հետ: Ինքս էլ շատ ռոք երաժշտության ֆանատ չեմ: Բայց շատ մարդիկ գնացել էին, քանի որ գաղափարախոսություն էր օդից կախված: Կային մարդիկ, ովքեր կապ չունեին ռոք երաժշտության հետ, բայց նրանք հայրենասեր էին և այլն, կային մարդիկ, ովքեր սիրում էին ռոք երաժշտություն և նրանց այդ օրը ուրիշ ոչինչ չէր հետաքրքրում. և կային մարդիկ ում մեջ դրանք հավասար էին: Դրսից էլ կային մարդիկ, ովքեր ընդհանարապես հայի գեն չէին կրում իրենց մեջ»:

 


Մի խոսքով հաճելի հարցազրույց՝ տեսահոլովակներով և ոչ միայն: Դիտեք ինքներդ:

 

 

 

Գոռ Հովակիմյան