Ով ինչպես կցանկանա, բայց հայ ժողովրդի պատմությունը կարելի է բնորոշել նաև՝ որպես հարևան երկրների հետ մշտական խնդիրների և հակամարտությունների պատմություն: Այդ հարևաններից մեկի՝ Թուրքիայի հետ դիմակայությունը տարբեր մակարդակներում և հարթություններում շարունակվում է շուրջ 6 դար: Իսկ վերջին 100 տարիների ընթացքում այդ պայքարն ընթանում էր հիմնականում մեր ժողովրդի և համայն մարդկության դեմ Թուրքիայի Հանրապետության իրավանախորդ՝ Օսմանյան կայսրության իրականացրած ոճրագործության՝ ցեղասպանության ճանաչմանը հասնելու հարթության շրջանակներում:
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի ոգեկոչումը հերթական «ճակատամարտն» էր արդեն ՀՀ-ի, հայ ժողովրդի և Թուրքիայի միջև, որը, կարելի է փաստել, պատվով հաղթեցինք: Բայց քանի որ «ճակատամարտը» չէր ենթադրում նյութական ձեռքբերումներ, ասել է թե՝ դրա «դափնիները» բնավ էլ առարկայական չէին, ուստի և այս հաղթանակը ևս կարելի է դասել մեզ այնքան բնորոշ՝ բարոյականների շարքում, իսկ ներհայկական մակարդակում՝ արձանագրել ոգեղեն վերելքի հերթական դրսևորումը:
Մինչդեռ Ցեղասպանության 100-րդ տարելցին նվիրված միջոցառումները մի անչափ կարևոր իրողություն ևս ի ցույց դրեցին՝ համազգային հսկայական ներուժի առկայությունը՝ ինչպես Հայրենիքում, այնպես էլ Սփյուռքում:
Հենց այս տեսանկյունից էլ պետք է առաջ մղել առանց դադար առնելու հաջորդ՝ արդեն նյութական դափնիներ ենթադրող «ճակատամարտերին» նախապատրաստվելու անհրաժեշությունը, որոնց նվիրված քայլերի ու գործողությունների հիմքում պետք է լինի սերն առ Հայրենիք, իսկ առանցքում՝ Հայաստանի հզորացմանը միտված գործելաոճը:
Նման նպատակներն առարկայացնելու, նոր հաղթանակների հասնելու ճանապարհին անելիք ունի հայերիցս յուրաքանչյուրն, իսկ անելիքն այդ բնավ էլ չի պահանջում գերմարդկային հնարավորություններ և գործողություններ, այլ ընդամենը՝ տանը, «փողոցում», թե աշխատավայրում մեր իսկ պարտավորությունների՝ հավուր պատշաճի կատարում:
Հ.Գ. Ես իմ «Անմոռուկը» շարունակելու եմ կրել մինչև նոր համազգային խորհրդանիշների շրջանառումը:
Արմեն Պետրոսյան