Յուրաքանչյուրս երեկ ականատեսը եղավ և մասնակիցը եղավ մեկ ընդհանուր գործի։ Այսօր յուրաքանչյուր ոք ինքն է տալիս երեկվա հսկայածավալ աշխատանքի գնահատականը։ Արդյունքը գուցե ոմանց չգոհացնի, գուցե նաև իմ ակնկալիքներն էին ավելի շատ, բայց իրականում մենք բոլորս արեցինք առավելագույնը՝ ինչը հնարավոր էր անել։ Ամեն դեպքում այս ապրիլին Հայոց Ցեղասպանության հետ կապված շատ ավելի աշխատանք տարվեց, քան արվել էր երկար տարիների ընթացքում։ Աշխարհի շատ երկրներ ավելի անկաշկանդ վերաբերվեցին երկար տարիներ որպես տաբու ընկալվող մեծագույն խնդրին։ Անգամ Թուրքիայի հասարակության առաջադեմ դեմքերը բացեիբաց արտահայտություններ էին անում՝ դատապարտալով տեղի ունեցած ցեղասպանությունը և պահանջելով սեփական իշխանություններից՝ճանաչում։ Սա իրոք մեծ առաջընթաց է։
Ինչ կարող էինք անել մենք, որ չարեցինք։ Իմ կարծիքով մենք արեցինք առավելագույնը։ Համարյա թե բոլոր միջոցներով մենք բարձրաձայնեցինք մեր պահանջի մասին։ Բնականաբար ինչքան էլ մենք լինենք հետևողական այս հարցում, անհնար է, որ ամեն օր ի վիճակի լինենք նույն մասշտաբի գործունեություն ծավալել, այսինքն թե՝ վերջնական նպատակին հասնելու մեծագույն հիմքը արդեն դրված է, աշխարհի մեծերն այսօր բարձրաձայնում են մեր խնդրի մասին, թուրքական հասարակության վերաբերմունքը դառնում է ավելի ադեկվատ, մնացյալը իմ կարծիքով ժամանակի խնդիր է։
Ներքին քաղաքական և սոցիալական խնդիրները, եթե մի պահ անտեսենք, ապա կարելի է փաստել, որ մեր տարեգրության մեջ կա մի էջ, որը վերջնականապես թերթելու ու նպատակին հասնելու համար բոլորս դառնում ենք մեկ անձ՝ Երևանում, Մոսկվայում, Լոսում և այլուր, որտեղ կա հայը և որտեղ էլ, որ շնչում է գոնե մեկ հայ, ապա ապրիլի 24-ին նա միասնական է ընդհանուր գաղափարի ու մղման հետ։
Շնմորհակալական խոսքս հղում եմ բոլորիս՝ լրագրողից, մինչև ոստիկան, մանկավարժից մինչև պատգամավոր, աշակերտից մինչև շարքային քաղաքացի՝ մենք երեկ հաղթեցինք բոլորս միասին, ու բոլորս միասին էլ տոնելու ենք վերջնական հաղթանակը:
Գարիկ Պետրոսյան