Այն, որ Վրաստանը պաշտոնապես դեռ չի ճանաչել Հայոց Ցեղասպանությունը՝ փաստ է: Այն, որ դրանում իր մեղքի առյուծի բաժինն ունի Թուրքիան՝ փաստ է: Այն, որ մեր՝ հայերիս հանդեպ դա ճիշտ դիրքորոշում չէ՝ ևս փաստ է:

 

Բայց այդ նույն ժամանակ փաստ է նաև այն, որ Թուրքիայի հետ Վրաստանից շատ ավելի լավ հարաբերությունների մեջ գտնվող Գերմանիան Հայերի Ցեղասպանության հարցը այսօր արդեն դուրս է բերում քաղաքական հարթությունից և փորձում այն դիտարկել արդարության և պատմական ճշմարտության տեսանյունից:

 

Գերմանական Բունդեսթագում լուրջ որոշում է նախապատրաստվում հայերի Ցեղասպանությունը ճանաչելու ուղղությամբ: Ավելին գերմանիայի նախագահը 1915թ.-ի դեպքերը անվանել է Ցեղասպանություն, և այդ հանցագործությունն իրականացնելու գործում ընդունել է նաև իր նախորդների բաժին մեղքը: Այնպես, որ աշխարհում շատ բան փոխվում է, և շատերն են գիտակցում, որ նմանօրինակ Ցեղասպանությունները կանխարգելելու գլխավոր նախապայմանը, արդեն իսկ եղած ոճրագործությունները դատապարտելն է:
Այո, փաստ է, որ Գերմանիայի նախագահը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը, ուստի զարմանալի է, թե ինչու առնվազն Վրաստանի նախագահ Գիրոգի Մարգվելաշվիլին չի հետևում նրա օրինակին:

 

Ալիկ Էրոյանց