Տատիս՝ ԱՄԱԼՅԱ ԱՎԱԳՅԱՆԻ (1908-1994թթ.) հուշերից

Ավագյանները Դարպասում ճանաչված ու հարգված գերդաստան էին: Հայրս ու հորեղբայրներս առեւտրով էին զբաղվում, Բաթումում նավեր ունեին: Գյուղի դպրոցն ու փողոցները մեր ընտանիքի միջոցներով էր կառուցվել ու կարգի բերվել: Այդպես էր մինչեւ օսմանցու հայտնվելը:
Թուրքերի մուտքը Համամլու (1918 թ., մայիսի 20/21) խուճապ առաջացրեց մեր գյուղում: Գյուղամիջում մարդիկ անհանգիստ զրուցում էին: Ոմանք եղած-չեղածը հավաքած փախան Ղարաքիլիսա, ոմանք էլ պատրաստվում էին բռնել Թիֆլիսի ու Ռուսաստանի ճամփան: Հայրս մեր ընտանիքը տեղափոխեց Ղշլաղ, կարծելով որ այնտեղ ավելի անվտանգ կլինի: Մենք արջուտեցի թուրք նոքարներ (ծառաներ) ունեինք, որոնց նկատմամբ վարվում էինք ընտանիքի անդամների պես: Էս նոքարները, իմանալով, որ թուրքական բանակը Համամլուից շարժվում ա Ղշլաղ, լուսադեմին մորթում են հորեղբայրներիս, նրանց ընտանիքի անդամներին, ունեցվածքը բարձում ձիերի վրա ու Դարպասից փախչում Արջուտ․․․ Էդ օրը մենք Ղշլաղում էինք, ուր յուրաքանչյուրը մտածում էր թուրքի ճամփեն փակելու մասին:

 

Հետո իմացանք, որ մեր զորքը նահանջել ա, թուրքերը մտել են Դարպաս եւ ուր որ է կշարժվեն Ղշլաղ: Դարպասում փաշին ուղեկցում են մեր տուն, որը գյուղի ամենագեղեցիկ շինությունն էր: Պատմում են, որ շները մեր տանը' հյուրասենյակի կենտրոնում, կրակ են վառել, որ տաքանան: Մայիսն էր, բայց ցուրտ, անձրեւոտ օրեր էին: Ղշլաղում, Սարի թաղում, ընտանիքներով թաքնվել էինք՝ ոմանք գոմերում, ոմանք էլ այգիներում: Քնում էինք բաց երկնքի տակ, ապրում գազանների նման: Թուրքն արդեն Ղշլաղն էլ էր գրավել, Ղարաքիլիսան էլ։ Հաջղարում ու Ղշլաղում կատաղի կռիվներ են եղել, իսկ Ղարաքիլիսան մեկ փամփուշտ էլ չի արձակել․․․
Մի օր հայրս որոշեց, որ ընտանիքով տեղափոխվենք Ղարաքիլիսա, ուր մտածում էր, թե հնարավոր կլինի հաց հայթայթել․․․ Լուսաբացին ճամփա ընկանք եւ հանկարծ մի ասկյար ցցվեց դեմներս: Զենքը պարզեց հորս վրա, բայց ես անմիջապես նետվեցի առաջ, սկսեցի դրա շորերը քաշել, իմ թույլ ու անուժ բռունցներով հարվածել: Թուրքն ինձ մի կողմ հրեց, ապա հորիցս փող պահանջեց: Լավ իմանալով, որ այդ պահին փողն էլ չի օգնելու, հայրս դրան իր հագուստներից տվեց ու խոստացավ, որ Ղարաքիլիսայում թաքցրած «գանձերը» կվերցնի-կբերի․․․ Հավատաց։ Իսկ ես չէի հավատում, որ փրկվել ենք․ ամբողջ մարմնով դողում էի, հորս ոտքերը գրկել ու անձայն արտասվում էի:

 

Մտանք Ղարաքիլիսա, ուր թուրքերի ահից մարդ, շունչ չէր երեւում: Մեզ հաջողվեց անփորձանք հասնել բարեկամներից մեկի տունը․․․ Դուռը շատ ուշ բացեցին․․․ Մնում էինք մի սենյակում, որը գոմից էլ վատն էր: Արեւի լույսն էլ չէինք տեսնում: Ցերեկը լուռ, մի անկյունում սոված կուչ եկած, գիշերն էլ առանց լույսի ու տագնապով էինք անցկացնում: Ղարաքիլիսայում բոլոր երիտասարդներին կապկպել, հազարներով գյուղից դուրս էին տարել ու սպանել: Նույն կերպ մեր գյուղում՝ Դարպասում էին արել: Հիշում եմ, դեռ լույսը չբացված՝ ընտանիքներով բարձրանում էինք անտառ, որ ուտելու բան գտնենք: Ով ինչ քաղում էր, էն էլ բերում էր որպես ճաշացու: Մարդկանց եմ տեսել, որ գետնին ընկած խոտ էին ուտում, արածում էին․․․ Ամեն ոտնափոխի անթաղ մեռելներ էին:
Աշնանը թուրքերը հեռացան, իրենց հետ վերցնելով այն ամենը՝ ինչ հնարավոր էր տանել: Քանի որ անասուն չէր մնացել՝ մարդկանց էին կապում սայլերին ու քշում Կարս․․․ Կմախքացած ու հազիվ քայլող կենդանի դիակները սկսեցին փնտրել ու թաղել իրենց մեռելներին:

ՆԿԱՐՈՒՄ՝ Մեծ Ղարաքիլիսայի Ժամի թաղը (Վանաձոր)

 

 


Հայե՛ր, գիտե՞ք, որ