Անընդհատ գրում են, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների թիվը մոտ օրերս կարող է ավելանալ ևս մեկով: Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը վերջերս տված հարցազրույցում անդրադառնալով ապրիլի 24-ին Բունդեսթագում Հայոց ցեղասպանության շուրջ նախատեսված քննարկումներին, նշել է, թե երկրի խորհրդարանը միանգամայն ազատ է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի հետ տեղի ունեցածը ցեղասպանություն անվանելու որոշման մեջ:
Գերմանիայում տիրող պաշտոնական և ոչ պաշտոնական գնահատականները, ընդհանուր մթնոլորտը, վերաբերմունքը կարծես թե փոխվել են, չկա պաշտոնական Բեռլինի նախկին կոշտ դիրքորոշումը, սակայն այնուամենայնիվ, իմ կարծիքով, Բունդեսթագը չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Կլինեն բուռն քննարկումներ, կդատապարտեն, սակայն ԱՄՆ-ի, Օբամայի նման կնտրեն մի լղոզված ընդհանուր գնահատական:

 

Մի մոռացեք Գերմանիայում ապրող միլիոնավոր թուրքերին, որոնք արդեն սերտաճել են այդ պետության տնտեսական, պետական կառույցներում, ունեն որոշակի ազդեցություն և որոշակի վտանգ են ներկայացնում առհասարակ այդ պետության համար:
Մոտ ապագայում գուցե հնարավոր լինի, սակայն Գերմանիան դեռևս պատրաստ չէ ցեղասպանության ճանաչմանը…Տա Աստված սխալվեմ, բայց հիմա այն հնարավոր չէ…

 

Ցեղասպանության մեկդարյա տարելիցը նշելուց հետո' ապագայի առումով, մենք արդեն ազգովի վերջնականապես պետք է մտածենք միայն ու միայն մեր Հայրենիքի, մեր Պետության հզորացման մասին:Հայ ժողովրդի ազգային, ֆինանսական, ինտելեկտուալ ողջ ներուժն ու հնարավորություններն այսուհետ պետք է ուղղվեն ու ծառայեն մեկ նպատակի' հայկական Հզոր Պետություն ստեղծելու գաղափարին: Այլ ճանապարհ չունենք, միակ ճանապարհը մեր Հայրենիքի հզորացումն է, այդ նպատակին ծառայելուն ունակ պետական կառույցների ու կադրային բազայի ստեղծումը, համապատասխան մթնոլորտի ձևավորումը…

 

 

Ռոբերտ Մելքոնյան