Իմ ելույթը ԵԽԽՎ-ում ցեղասպանության հարցի շուրջ:
Հարգելի գործընկերներ,
Այսօր մեր գործընկեր Սամադ Սեիդովը Բյուրոյի զեկույցի քննարկման ընթացքում ցույց տվեց հայ զինվորի' նկար սպիտակ դրոշը ձեռքին: Սա ադրբեջանական պրոպագանդայի կողմից լավ բեմադրված ներկայացում էր: Իրողությունն այն է, որ կոնֆլիկտի ընթացքում ունեցել ենք ադրբեջանական զինվորների հետ կապված իրական բազմաթիվ դեպքեր, սակայն երբեք վեհաժողովը կրկեսի չենք վերածել:
Մեկ այլ գործընկեր Ռզայեվը րոպեներ առաջ փաստերի հերթական խեղաթյուրման վառ օրինակ ցույց տվեց, այս անգամ իբր մեր կողմից փակ արխիվների հետ կապված, ինչը իհարկե չի համապատասխանում իրականությանը:

 


Իսկ հիմա թույլ տվեք անցնել իմ ելույթին:
Ուղիղ հարյուր տարի առաջ' 1915թ. ապրիլի 24-ին, Կոստանդնուպոլսի հայկական հսկա համայնքի սերուցքը ձերբակալվեց և ոչնչացվեց: Դա քսաներորդ դարի առաջին' Հայոց Ցեղասպանության սկիզբն էր:
Թվում է' հարյուր տարի անց ոչինչ էլ չի փոխվել: Մենք չմիջամտեցինք նացիստական Գերմանիայում կատարվողին' մինչ պատերազմն ինքը չթակեց մեր դուռը: Ռուանդայում մենք դավաճանեցինք մի ամբողջ ժողովրդի' մինչ դիվանագիտական եզրույթներով խուսափում էինք կոտորածն իր անվամբ կոչելուց: Կամբոջիայի ցեղասպանությունը մենք անգամ չնկատեցինք: Սուդանի պարագայում օգտագործում ենք բառը, որովհետև ոճրագործն Արևմուտքում բարեկամներ չունի: Սիրիայում և Իրաքում մենք հետևում ենք բոլոր ոչ-սուննի փոքրամասնությունների ընթացող ցեղասպանության նորություններին և շարունակում ենք դատարկ ու սին հայտարարություններ և դատապարտումներ հրապարակել, որոնք որևէ կերպ չեն կարող կասեցնել նույն այդ փոքրամասնությունների բնաջնջմանն ուղղված մոլի արշավը:

 

Եվ դարձյալ մենք աճպարարում ենք սարսափազդու <Ց>-ով սկսվող բառին հարող այլ բառերի հետ, որովհետև եթե հանկարծ համարձակվենք արտաբերել այդ բառը, կզայրացնենք մի կարևոր դաշնակցի' արյունարբու մի դաշնակցի: Բացի այդ' բառն արտասանելու պատճառով պարտավոր կլինենք միջամտել, իսկ միջամտել մենք չենք ուզում և չենք միջամտելու: Եվ քանի որ ոչնչացող փոքրամասնություններին փրկելու հարցում նավթային շահեր մենք չունենք' ցեղասպանությունը շարունակվում է:
Հարյուր տարի անց' մենք Եվրոպայում կարծում ենք, որ ավելի լավն ենք, ավելի քաղաքակթրված և մեծապես հղկված և կարծում ենք թե Երրորդ Ռեյխի օրերն այնքան հեռվում են մնացել … Եվ իհարկե, մենք անչափ սխալ ենք, անչափ մոլորված և անչափ կեղծավոր:
Հարյուր տարի անց Թուրքիան շարունակում է հերքել անհերքելին և Սիրիայի իր բազում դաշնակիցների' ամենատարբեր ապստամբների և իհարկե' Իսլամական Պետության հետ միասին, այս անգամ անուղղակիորեն դարձյալ և մեկ այլ ցեղասպանություն է իրականացնում: Եվ անում է դա նույն վճռականությամբ, և նույն ֆանատիզմով:

 


Մենք հրաշալի գիտենք թե ինչ է եղել այն ժամանակ և հրաշալի գիտենք թե ինչ է տեղի ունենում այսօր: Եվ դարձյալ նախընտրում ենք լռությունը' խղճի խոսքից: Մենք նույնն ենք մնացել և դրա արդյունքում առավել բարբարոս մի Չորրորդ Ռեյխ է հառնում այսօր քաղաքակրթության բնօրրանում …
Հարյուր տարի անց' պարզվում է, որ <Ց>-ով սկսվող բառն ամբողջությամբ արտասանելու համար պետք է կենդանի սուրբ լինել' Հռոմի Պապ, Ֆրանցիսկոս: Բառ, որ բազում եվրոպական պետություններ դեռևս զգուշանում են արտաբերել:
<Ցեղասպանությունն> այն բառն է, որ պե’տք է օգտագործել: Արտաբերելուց սարսափելու փոխարեն մենք պետք է զարհուրենք նրանից' որ հետևում է այդ լռությանը: Որքան ավելի ենք մենք անտեսում մի ցեղասպանությունը, այնքան ավելի սարսափելի է դառնում հաջորդը: Այո' Հայոց Եղեռնը ցեղասպանություն էր և այո’ մենք ապրում ենք նոր ցեղասպանությունների դարաշրջանում: Եվ այո' մենք կրում ենք պատասխանատվություն մեր լռելյայն դիտարկման համար, որ մասնակցության է հավասար, որն էլ իր հերթին' մեկ այլ հանցանք է ինքնին:
Հարյուր տարի անց ճիշտ ժամանակն է' թեև ուշացած, վերջ դնելու ամոթալի լռությանը: Եվ այո' հանցավոր անտարբերությանը նույնպես:
Շնորհակալություն:

 

 

 

Արփինե Հովհաննիսյան