Ռուսական ռուբլու կուրսի անկման պատճառով ՀՀ-ում շատ արտադրողների մոտ խնդիրներ են առաջացել կապված արտահանման հետ: Հատկապես խնդիրներ ունեն այն արտադրողները, որոնց հիմնական շուկան ՌԴ-ն է: Շատ գործարարներ արդեն իսկ փորձում են ելքեր գտնել այս իրավիճակից դուրս գալու համար, բայց այնուամենայնիվ կարծում եմ, որ դա նրանց չի հաջողվի կարճ ժամանակաընթացքում:
Այնուամենայնիվ խնդիրը կա և պետք է լուծումներ գտնել, թե ինչ և ինչպես պետք է գործեն, ինչ օգնություն պետք է հատկացվի այն արտահանողներին, որոնք խնդիրներ ունեն և ինչ քայլեր պետք է իրականացնի կազմակերպությունը, որպեսզի հետագայում չկրկնվի այս իրավիճակը:
Նման իրավիճակներում պետք է կարճ ժամանակահատվածում լուծումներ առաջարկվեն' կազմակերպություններին աշխուժացնելու համար, իսկ կազմակերպությունը պետք է հասկանա, որ պետք է դիվերսիֆիկացնի արտահանման շուկաները: Կարճաժամկետ լուծումներին պետք է աջակցի կառավարությունը, որի պատասխանատու գերատեսչությունները պետք է վերլուծեն, թե որ կազմակերպություններն են անցած տարիներին արտահանել մեծ ծավալով ապրանքներ և համեմատեն վերջին ամիսների արտահանումների հետ: Հստակ թվեր ունենալուց հետո պետք է հանդիպեն այդ ոլորտի գործարարներին և միասին լուծում գտնեն, աջակցեն, կարճ ժամկետով ցածր տոկոսադրույքով վարկեր տրամադրեն, որպեսզի առողջացնեն կազմակերպություններին, իսկ կազմակերպություններն էլ, իրենց հերթին, ժամանակ կունենան «շունչ քաշելու», կփորձեն նոր շուկաներ դուրս գալ և մասամբ մեղմել տիրող իրավիճակը:
Կազմակերպությունները պետք է հասկանան, որ պետք չէ կախվածություն ունենալ մեկ շուկայից և անհրաժեշտ է, ապահովվեն իրենց նման ռիսկերից: Երբ արտահանող կազմակերպությունները իրենց ապրանքը արտահանում են ընդամենը մեկ շուկա' կլինի դա ՌԴ, ԱՄՆ, ԵՄ, իրականում էական չէ, թե ուր' կարևորը, որ իրենք իրենց պետք է հարց տան, իսկ եթե մեկ օր այս շուկան փակվի Հայաստանի արտադրողների համար' ինչ ենք անելու: Ահա և այդ մեկ հարցի շուրջ պետք է լինեն քննարկումներ, վերլուծություններ, առաջարկություններ և նոր շուկաներ մուտք գործելու պլանավորում: Հակառակ դեպքում մեկ շուկայից կախվածություն ունեցող կազմակերպությունները մշտական գտնվելու են ռիսկային գոտում և լինելու է այն ինչ եղավ:
Համլետ Թադևոսյան