Եթե հակիրճ բնորոշելու լինեմ անցյալ յոթ օրերն, ապա կանվանեմ այն «Հայաստանի և հայ ժողովրդի շաբաթ»:
Գուցե զուգադիպեցին իրադարձությունները, բայց անցյալ մի քանի օրերի ընթացքում այնպես ստացվեց, որ համաշխարհային մեդիայի, դրա միջոցով համաշխարհային հանրության մի ստվար հատվածի ուշադրությունը Հայաստանն էր, մեր պատմությունն՝ իր հաղթական և ողբերգական դրվագներով, իր նախկին և ներկա շնորհալիներով:
Հայոց պատմության եղերային իրադարձությունների հետևանքով աշխարհի տարբեր ծայրերում հայտնված հայորդիների հանրահայտ ժառանգներից մեկի և նրա ընտանիքի անդամների այցելությունը պատմական հայրենիք, շրջագայությունը Հայաստանում, նրա պատմամշակութային վայրերում և համալիրներում առիթ ընձեռեցին անուղղակի կերպով աշխարհին հիշեցնելու, նաև՝ ծանոթացնելու հազարամյակների պատմություն ունեցող, մարդկային քաղաքակրթության անքակտելի մասը կազմող Հայաստան աշխարհի մասին:
Իսկ շաբաթվա վերջին օրն՝ ապրիլի 12-ը, որն արդեն մեծատառերով կգրվի մերօրյա պատմության էջերում, առանձնացվեց մեր պատմության հաղթական և ողբերգական իրողությունների յուրօրինակ համադրմամբ: Կաթոլիկ աշխարհի սրտում՝ Վատիկանի Սուրբ Պետրոս եկեղեցում, միևնույն միջոցառման շրջանակներում միաժամանակ տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Սուրբ Պատարագն ու հայ մշակույթի և եկեղեցու մեծագույն նվիրյալ Սուրբ Գրիգոր Նարեկացու՝ Տիեզերական եկեղեցու վարդապետության օծման ծիսակատությունը: Պատարագի ընթացքում Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն ի լուր ամբողջ աշխարհի 1915թ. մեր ժողովրդի հետ տեղի ունեցածը որակեց որպես ցեղասպանություն' ուղղված հայի ազգության, էթնոսի, մշակույթի, լեզվի և կրոնի վերացմանը:
Բացի վերոնշյալ իրադարձությունների ունեցած անգնահատելի արդյունքներից, հետապնդած նպատակներից ու ստացած արձագանքներից, գոնե ինձ մոտ անսահման հպարտության զգցողությանը զուգահեռ մի աներեր համոզմունք ևս առաջացավ առ այն, որը հայը պետք է հավերժ ապրի, արարի իր խոսքն ու գործը ներդնի համաշխարհային պատմության և քաղաքակթության զարգացման գործում:
Հազարամյակներ շարունակ բազմապիսի փորձությունների հորձանուտով անցած մեր ժողովրդի գոյությունն արդեն իսկ հաղթանակ է, իսկ մեր շնորհալիների գործունեությունն՝ անջնջելի ավանդ մարդկության պատմության՝ անցյալ, ներկա, անկասկած, նաև ապագա ընթացքում...
Հ.Գ. Անկեղծ և խորին երախտիքի խոսքս եմ հայտնում անցյալ շաբաթվա ընթացքում հայրենիքիս ու ժողովրդիս «անունն» աշխարհին ներկայացրած բոլոր Հայրենակիցներիս:
Արմեն Պետրոսյան