Երբ լուր տարածվեց, որ Քիմ Քարդաշյանը ժամանելու է Հայաստան, ես չարձագանքեցի, երբ եկավ ու մեր «բրդուճային» գրառում կատարողները, կեղծ բարեպաշտներն ու անհասկանալի, տարօրինակ հայրենասերները սկսեցին դատափետել, մաս առ մաս քարուքանդ անել, բզկտել Քիմին' չարձագանքեցի…

Հիմա, երբ մեկնեց, հանդարտվեց կրքերը, պարզվեցին պղտոր ջրերը' կարձագանքեմ…


Ես ինչպես միշտ զարմանում եմ նման մարդկային տեսակների վրա, զարմանում, երբ կանգնելով գետի մեջ, ծովի ալիքների դեմ հանդիման, իրենց թվում է թե կարող են կանգնեցնել նրանց ընթացքը…Քիմն էլ է տարերք, նա իր ապրած հասարակության մի մասնիկն է, նրան բնորոշ բնութագրով, բարոյական նկարագրով ու արժեհամակարգով և պետք չէր նրան վարկաբեկել, բարոյական այլ նկարագրով դասեր տալ…Նա այդ արժեհամակարգում մեծանալով ի տարբերություն շատ «քյառթու» տեղական և արտասահմանյան արտադրության հայերի, ավելի հայեցի է ու հայրենասեր:


Շնաճանճի պարսի նման անմիջապես երևույթների և իրադարձությունների վրա արագ հարձակվող, բզկտող, կծոտող, մրոտող գերակշռող զանգվածը համոզվեց, որ Քիմը, նրան ուղեկցողները ինչ ահռելի գործ արեցին ժամանելով Հայաստան, բարձրաձայնելով Ցեղասպանության մասին, լինելով Եղեռնի զոհերի հուշարձանի մոտ, արցունքախառն, հուզված, երկու քույրերը կարմիր-սև գեղեցիկ համադրությամբ զգեստներով, ծնկաչոք ծաղիկ դրեցին խորանի անմար կրակի մոտ, ամբողջ աշխարհին հիշեցնելով հայ ժողովրդի այդ մեծ ցավի մասին: Այցելությունները պատմական վայրեր, հուշարձաններ, Գյումրի, անմիջական, անկեղծ, ջերմ շփումները, զրույցները, նրա ամուսնու' տաղանդավոր Քանիե Ուեսթի խելահեղ, սրտաբոխ,անվճար, անսպասելի համերգը այդ այցելության հիանալի ֆինալն էր…


Աշխարհը' ողջ աշխարհը իմացավ Հայաստանի, Հայոց Ցեղասպանության, հայ ազգի, հայ ժողովրդի և նրանց հյուրասիրության ու իր մասնիկները, իր արժեքները գնահատելու, մեծարելու մեծ ունակության մասին…


Այո′, սիրեցիք Քիմին, սկսեցիք պաշտել նրան, հիանալ նրա ամուսնով…Բայց նա նույն Քիմն էր' նույնը, ինչպես ժամանելու օրը…Չէր փոխվել, փոխվեցիք դուք' դուք, բոլորդ…հիմա հասկացա՞ք, թե՞ոչ…


Ինձ թվում է հասկացաք, եթե ոչ ապա կգա ժամանակը կհասկանաք և քար չեք նետի աջ ու ձախ պարզամտորեն, հապշտապ, անմտածված…Ինչպես միշտ…

 

 

Ռոբերտ Մելքոնյան