Ապրիլի 13-ին լրանում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման մեկ տարին: Մեկ տարի առաջ, երբ երկրում առկա էին բազմաթիվ լուրջ խնդիրներ, դժգոհություններ և մարտահրավերներ, Հովիկ Աբրահամյանը, լինելով ԱԺ նախագահ, համաձայնվեց ստանձնել երկրի վարչապետի պաշտոնը նման անբարնպաստ պայմաններում:


Վարչապետը սկսեց պաշտոնավարել մի բարդ փուլում, երբ երկրում կային նախորդ կառավարության ժամանակվանից եկող այնպիսի խնդիրներ, որոնցից կարելի է առանձնացնել երկրի տնտեսական աճի դանդաղումը, «Նաիրիտ» գործարանի թնջուկը, կուտակային կենսաթոշակների կիրառման արդյունքում առաջացած սոցիալական բունտը, մարդկանց դժգոհությունները' կապված կարմիր գծերի, տուգանքների հետ և այլն:


Բացի այդ նոր կառավարության գործունեության շրջանը համընկավ մի փուլի հետ, երբ Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի կիրառած պատժամիջոցների և ռուբլու արժեզրկման արդյունքում մեր տարածաշրջանի երկրները հանդիպեցին տնտեսական դժվարությունների:


Նոր կառավարության գործունեության ընթացքում հնարավոր չեղան լուծումներ տալ երկրում առկա բոլոր խնդիրներին, սակայն կատարվեցին մի շարք քայլեր, որոնք ավելի շատ սոցիալական ուղղություն ունեն և երկարաժամկետ հեռանկարի համար են ու իրենց արդյունքը տալու են մի քանի տարի անց:


Այս մեկ տարվա ընթացքում բարձրացավ քաղծառայողների ու պետական աշխատողների աշխատավարձը, սահմանամերձ համայնքներին տրվեցին սոցիալական արտոնություններ, սահմանապահ գյուղերում գործունեություն իրականացնողները ազատվեցին հարկերից, հնարավորություն տրվեց հիպոթեքի միջոցով բնակարան ձեռք բերել արտոնյալ պայմաններով, սոցփաթեթի շրջանակներում մտցվեց պարտադիր բուժզննումը և այլն:


Այնուամենայնիվ դեռևս երկրում բազում խնդիրներ և պրոբլեմներ են շարունակում են մնալ չլուծված, որոնցից են «Նաիրիտ» գործարանի վերագործարկման խնդիրը, երկրի ներդրումային միջավայրի էլ ավելի բարելավվումը, արտահանման խթանումը և այլն: Առկա խնդիրների լուծումը պահանջում է, որ կառավարությունը պետք է ոչ միայն նույն հետևողականությամբ շարունակի իր քայլերը, այլև առավել ակտիվացնի ջանքերը երկրի տնտեսական զարգացման և սոցիալական լարվածությունը մեղմացնելու ուղղությամբ:


Հասկանալի է, որ այս մեկ տարին շատ կարճ ժամանակաշրջան է կառավարության գործունեությանը գնահատականներ տալու համար, քանի որ կառավարության քայլերի արդյունավետությունը և դրա հետևանքների ազդեցությունը կարելի է զգալ ժամանակի ընթացքում, իսկ որակումներ տալ հնարավոր կլինի միայն մկ քանի տարի հետո:


Մյուս կողմից այս մեկ տարին կարելի է համարել փորձաշրջան կառավարության համար, որը հնարավորություն տվեց դուրս գալ հաղթահարած:

 

 

Նարեկ Պողոսյան