Եթե Պուտինը ապրիլի 24-ին չգա Հայաստան, ապա շատ հավանակ է, որ ՀՀ Նախագահը չմասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում սպասվող տոնակատարություններին:
«Առաջիկայում կայանալու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան՝ նա կմասնակցի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին»,-ասել է Նալբանդյանը: Նա հավելել է, որ երկու երկրների նախագահները մայիսին կհանդիպեն նաև Մոսկվայում «Հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում»
Այս խոսքերն ասել է ՀՀ Արտաքին գործերի նախարարը Լավրովի հետ հանդիպման ժամանակ:
Առաջին հայացքից սա սովորական հայտարարություն էր ՀՀ և ՌԴ բարձր մակարդակի շփումների և ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, սակայն եթե հաշվի ենք առնում այն փաստը, որ ՌԴ Նախագահի մամուլի խոսնակը կասկածի տակ դրեց Պուտինի այցը Հայաստան և հայտարարեց Թուրքիայում ապրիլի 24-ին Ռուսաստանի բարձր մակարդակով մասնակցության մասին, այս հայտարարությունը ձեռք բերեց բոլորովին այլ երանգ և նշանակություն:
Եթե փորձենք բացել դիվանագիտական այս միտքը շարքային քաղաքացու համար հասկանալի ձևով, ապա Նալբանդյանը ասել է հետևյալը. եթե Պուտինը ապրիլի 24-ին չգա Հայաստան, ապա հարցականի տակ կդրվի ՀՀ Նախագահի մասնակցությունը «Հայրենական մեծ պատերազմի» 70-ամյակին նվիրված տոնակատարությանը:
Իսկ Պուտինը չի շտապում հաստատել իր մասնակցությունը ապրիլի 24-ի միջոցառումներին, քանի որ վերջին շրջանում խիստ կարևորվել են Ռուսաստանի և Թուրքիայի գեո-տնտեսական հարաբերությունները' Հարավային հոսքից հրաժարվելու և գազի խողովակը Թուրքիայի տարածքով անցկացնելու մասին ՌԴ Նախագահի հայտնի որոշումից հետո:
Ստեղծված իրավիճակում Թուրքիան չի հանդուրժի Հայոց ցեղասպանության հիշատակի օրը ՌԴ Նախագահի մասնակցությունը, իսկ ՀՀ Նախագահն բաց տեքտով ասաց, որ Հայ ժողովուրդը չի հասկանա, եթե Պուտինը Հայաստան չգա:
Տեսնենք ինչ որոշում կկայացնի ՌԴ Նախագահը այս բարդագույն իրավիճակում:
Արթուր Ղազինյան