Ապրիլի 15-ին Եվրոպական Խորհրդարանը քննարկելու է 1915թ. հայերի ցեղասպանությունը դատապարտող բանաձևը, ինչի դեմ բողոքի ձայն է բարձրացրել Թուրքիայի արտաքին գործերի նախարարը: Բանաձևի նախագծի ԵԽ-ում առկայության փաստը արդեն իսկ ողջունելի է հաճելի ցանկացած հայի համար և, իմ խորին համոզմամբ, ցանկացած եվրոպական պետության պարտքն է հավատարիմ մնալ իր իսկ որդեգրած և իր հարևաններին խրախուսվող արժեքային համակարգին ու ճանաչել մարդկայինության դեմ ուղղված պատմության մեջ առաջին հանցագործությունը:
Պրագմատիկ քաղաքականության տեսանկյունից ամեն ինչ այդքան միանշանակ չէ, քանի որ Թուրքիան, որքան էլ որ մենք դա չցանկանանք նկատել, մեծ, ուժեղ և կարևոր պետություն է նույն Եվրոպայի գրեթէ բոլոր պետությունների համար: Մինչ հայերի ցեղասպանության մասին ինչ որ հայտարարություն ընդունելը այդ պետությունները պետք է քայլեր ձեռնարկեն Թուրքիայի հետ հարաբերությունները նորմալ պահելու համար, ինչը բնական է և հասկանալի:
Դառնանք Եվրոպական խորհրդրանի օրակարգում ընգրկված բանաձևին: Եվրոպական միության կողմից հայերի ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն ստանում է կոպիտ և բիրտ հակազդեցություն պաշտոնական Թուրքիայի կողմից, ինչը Թուրքիային և իր ժողովրդին ավելի է հեռվացնում եվրոպական քաղաքակրթությունից' առավել վտանգավոր և անկանխատեսելի դրաձնելով այն իր հարևանների' տվյալ պարագայում Հայաստանի համար:
Ասածս ինչ է, մինչև Եվրոպական միությունից և իր անդամ-պետություններից պետական մակարդակով հայերի ցեղասպանության ճանաչման պահանջ ներկայացնելը մի պահ ազատվենք էմոցիաներից և սառը մտածենք թէ ինչպիսին կլինի մեր անվտանգության մակարդակը, իսկ ավելի ճիշտ վտանգի սպառնալիքը, եթե Թուրքիան հրաժարվի եվրոպական նկրտումներից, հրաժարվի ԵՄ նախաանդամակցման գործընթացում ստանձնած պարտավորություններից' ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերակայության, և ձևավորի իր համար այդքան հարազատ դարձած սուլթանատ:
Ասածս թող որևէ կերպ չմեկնաբանվի որպես ցեղասպանության հարցով պահանջատիրությունից հրաժարվելու առաջարկ, այլ ճիշտ կլինի այն դիտարկել բացառապես որպես այդ բարձր նպատակին հասնելու ռազմավարության վերանայման առաջարկ' Հայաստանի Հանրապետությունը այդ գործընթացից հնարավորինս հեռու պահելու և հայկական սփյուռքի ահռելի ու մինչ այժմ չիրացված ներուժն ակտիվացնելու և այն առավելագույնս արդյունավետ իրացնելու համար:
Որպես ասածիս վառ ապացույց հետևենք վերջին օրերին ամերիկյան և եվրոպական մամուլի և հանրության ուշադրության կենտրոնացումը հայոց ցեղասպանության հարցի վրա, դրա աննախադեպ լայնամասշտաբ լուսաբանումն ու իրազեկումը ամբողջ քաղաքակիրթ աշխարհին:
Սրա դեմ Թուրքիան անզոր է, մինչդեռ Հայաստանի Հանրապետության դեմ ունի պայքարելու մի մեծ զինանոց:
Արթուր Ղազինյան