Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն հրապարակել է 2014 տարեկան զեկույցը, որտեղ որոշակի, այդ թվում՝ քննադատական, դիտարկումներ կան նաև ոստիկանության գործունեության վերաբերյալ:


Ոստիկանությունը միշտ կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի՝ քաղաքացու իրավունքների պաշտպանությանն ու օրինականության ամրապնդմանը ուղղված ընդգրկուն աշխատանքը և արագ ու պատշաճ արձագանքել կոնկրետ դեպքերով արված դիտողություններին, իսկ զեկույցները դիտվում են որպես աշխատանքային փաստաթուղթ, քանի որ արտահայտում են նախևառաջ հասարակության մտահոգությունները: Նույնիսկ այն դեպքում, երբ ոստիկանության գործունեության առանձնահատկություններից ելնելով՝ անխուսափելի են մասնագիտական տարընթերցումները, ոստիկանության կողմից առաջնություն է տրվում այդ զեկույցների խոր վերլուծությունից արվող եզրահանգումներին ու գործողությունների ճշգրտմանը:


Ոստիկանության համար չափազանց կարևոր է իր բարեփոխումների, ռազմավարության, ծառայության արդյունքները տեսնել հասարակության աչքերով, տվյալ դեպքում՝ ՄԻՊ-ի դիտարկումների և գնահատականների միջոցով:


Ոստիկանությունը շարունակելու է սերտ գործակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ՝ մեր կառույցների գործունեությունը դիտարկելով միևնույն՝ իրավական պետության կայացման, հանրության իրավագիտակցության ամրապնդման, քաղաքացու իրավունքների պաշտպանության առաջնահերթությունների համատեքստում:

 

 

 

Աշոտ Ահարոնյան