Ապրիլի 2-ին, Իրանի և «վեցնյակի» միջև ստորագրված փաստաթուղթը, կարծես թե, սկիզբ դրեց միջազգային հիմնախնդրի' խաղաղ ճանապարհով կարգավորման գործընթացին:


Հանդիպման ժամանակ, Իրանի և միջազգային միջնորդների' Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Եվրոպական միության միջև պայմանավորվածություններ ձեռք բերվեցին միջուկային համաձայնագրի հիմնական կետերի վերաբերյալ:


Պայմանավորվածության համաձայն իրանական ուրանի մեծ մասը դուրս է բերվելու երկրից: Իրանական իշխանությունները պարտավորվում են նաև 25 տարով սահմանափակել ուրանի հարստացման ծրագիրն ու ԱԷՄԳԱ-ին թույլատրել, առաջիկա 25 տարիների ընթացքում, ստուգումներ անցկացնել իրենց միջուկային օբյեկտներում:


Փոխարենը ԵՄ-ն, ԱՄՆ-ն, ՄԱԿ-ը կսկսեն չեղյալ հայտարարել Իրանի դեմ կիրառվող տնտեսական ու քաղաքական պատժամիջոցները, ինչը թույլ կտա վերականգնել իրանական տնտեսությունն ու ապահովել դրա հետագա զարգացումը: Իրանի միջուկային ծրագրի շուրջ Լոզանում ձեռք բերված պայմանավորվածությունները կոնկրետ հեռանկարներ ու անելիքներ են բացում նաև Հայաստանի համար:


Հարկ է նկատել, որ Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների վերացումը կնպաստի ոչ միայն Հայաստան-Իրան առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանը, այլև կարևոր դեր կարող է կատարել տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման հարցում:


Պատժամիջոցների վերացումը նշանակում է նաև Իրանի և Արևմուտքի միջև գազամուղների ու նավթամուղների անցկացում: Ճանապարհային այս խճանկարում Հայաստանն աննախադեպ հնարավորություն կարող է ստանալ' Իրանի համար դառնալով տարանցիկ երկիր:

 

 

Էրիկ Մելիքյան