Բրիտանացի մի խումբ գիտնականներ եկել են այն եզրակացության, որ կանացի բնազդի մասին բոլոր պատմությունները հիմնազուրկ են: Նրանք այդ եզրակացության եկել են հատուկ մշակված փորձ կատարելուց հետո, որի ժամանակ ստուգել են արական և իգական սեռերի բնազդային մտածողության տարբերությունները: Փորձն իրականացրել են Հարթֆորդշիրի համալսարանի մասնագետները:
Գիտնականների փորձին մասնակցել են 15 հազար մարդ' երկու սեռերից հավասարապես: Գրեթե բոլորը նշել են, որ իրենց կյանքի ընթացքում կարողացել են կանխագուշակել այս կամ այն իրավիճակը: Փորձի ժամանակ տղամարդկանց և կանանց ցուցադրել են ժպտացող մարդկանց դեմքեր' առաջարկելով ասել, թե ժպտացող մարդկանցից ով է անկեղծ, ով՝ ոչ: Այս փորձի արդյունքում պարզվել է, որ թե՛ տղամարդիկ և թե՛ կանայք հավասարապես գուշակել են, թե ում ժպիտն էր կեղծ, ումը' ազնիվ:
Բացի այդ, գիտնականները նշել են, որ որոշ տղամարդկանց նյարդայնացնում է կանացի բնազդի մասին պնդումները, և ամեն կերպ փորձում են ապացուցել, որ դա միֆ է: Նրանք նշել են, որ հաճախ չեն հետևում իրենց կանանց խորհուրդներին, քանի որ զարմանալի կերպով այդ կանխատեսումների մեծ մասը իրականություն չի դառնում: