Իրաքում եզդիների ազգային ինքնուրույնության և անկախության ձգտումների նկատմամբ Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Բարզանիի ապաշնորհ ռեժիմի բռնաճնշումները շարունակվում են: Բավական չէր, որ հենց Բարզանիի իշխանության թողտվությամբ (հանցակցությամբ) եզդիները հերթական ցեղասպանությանն ենթարկվեցին իսլամիստների կողմից, հիմա էլ էս վախկոտ բաշիբոզուկները ուզում են եզդիներին արգելել սեփական հայրենիքում ծածանել իրենց դրոշը: Վերջերս քրդական ինքնավարության տարածքում գտնվող փաղստականների մի շարք ճամբարներում եզդիները բողոքի ցույցեր էին անցկացրել, որոնց ընթացքում ցուցարարները Էզիդխանի դրոշն են ծածանել:
Քրդական ոստիկանության ուժայինները բռնի ուժ էին կիրառել եզդիների նկատմամբ ցույցերը ցրելու նպատակով: Բռնությունների ալիքը, սակայն, այսքանով չսահմանափակվեց. այս ամենին հաջորդեց եզդի մի շարք երիտասարդ ակտիվիստների ձերբակալությունը, այնուհետև պաշտոնապես հայտարարվեց եզդիների դրոշի արգելման մասին: Այս դրոշը, որ դարձել է Շանգալի ազատության սիմվոլը, և խորհրդանշում է հայրենիքի ազատության համար նահատակված եզդի հերոսների արյունն ու պատիվը, միայն հպարտությամբ է լցնում յուրաքանչյուր եզդու սիրտն ու հոգին, և որևէ ուժ չի կարող մեզ արգելել այն: Ի նշան բողոքի և այս հարցում միասնական դիրքորոշման վերջին օրերին համացանցի եզդի օգտատերերը իրենց պրոֆիլին հենց այս դրոշն են դնում:
Իսկ երեկ երեկոյան, երբ քրդական ոստիկանությունը ապօրինաբար ձերբակալեց Շանգալի ազատագրման ջոկատի եզդի հրամանատար Հեյդար Շեշոյին, եզդիների շրջանում բողոքի ու ցասման ալիքը նոր ուժով է բորբոքվել: Առաջիկայում պետք է սպասել բողոքի նոր, առավել լայնամասշտաբ ակցիաների ու ցույցերի անցկացմանը՝ ընդդեմ Բարզանիի ռեժիմի սանձազերծած բացահայտ տեռորի Իրաքյան եզդիների նկատմամբ:
Մրազ Ազիզի