Լոզանում Իրանի միջուկային ծրագրի շուրջ կայացած բանակցություններն ու ձեռք բերված համաձայնությունները, իրականում, եթե չունեն տիեզերական նշանակություն, ապա գոնե մեր տարածաշրջանի համար կենսականորեն կարևոր են: Լոզանի բանակցություններու դրական արդյունքի հասնելու դեպքում տարածաշրջանում կարող է էականորեն փոխվել ուժերի հարաբերակցությունը: Եթե նույնիսկ մասամբ մեղմվեն Իրանի նկատմամբ արդեն տասնամյակներ շարունակ կիրառվող տնտեսական միջազգային պատժամիջոցները, դա կհանգեցնի ոչ միայն տնտեսական լուրջ էֆեկտի, այլև, փաստացի, Իրանը կվերածի մերձավորարևելյան դոմինանտ երկրի, ինչը, բնականաբար, տարածաշրջանից գրեթե ամբողջությամբ դուրս կմղի առանց այդ էլ երկու ոտքից կաղացող, սակայն դեռ կլանչող ու ժանիքներ ցույց տվող Թուրքիային: Իր հերթին սա կբերի նրան, որ Իրանը կրկին կսկսի էներգետիկ ռեսուրսների արտահանման նոր ուղիներ փնտրել և, բնականաբար, այս դեպքում կրկին կվերակենդանանա իրանական գազը Հայաստանով, Վրաստանով և Սև ծովի հատակով դեպի Եվրոպա արտահանելու ծրագիրը: Սա բավական իրատեսական կանխատեսում է, քանի որ, հատկապես վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունների համապատկերում, Իրանը համաձայն է գազ արտահանել ցանկացած ուղիով՝ բացի թուրքականից, ինչը ենթադրում է, ի դեպ, որ իրանական «սև ցուցակում» է նաև Հարավային Կովկասում թուրքական մնացուկ և Իսրայելի ռազմավարական պլացդարմ Ադրբեջանը: Այսինքն, ընտրության հնարավորությունները, մեղմ ասած, այնքան էլ շատ չեն: Ասենք՝ դրա կարիքն էլ չկա: Պարզապես անհրաժեշտ է, որ կովկասյան գործերում ոչ միշտ հետևողական, իսկ երբեմն նաև սիմպտոմատիկ քաղաքականություն իրականացնող Ռուստաստանը գոնե այս անգամ հաշվի նստի առկա իրողությունների հետ և այս ծրագրին առանձնապես չդիմադրի: Թեկուզ այն պատճառով, որ դա կարող է գժտեցնել Մոսկվային և Թեհրանին, ինչի արդյունքում վերջնականապես կտապալվի Հյուսիս-Հարավ առանցք ստեղծելու վաղեմի ծրագիրը: Իսկ սա թթու և թան չէ ու սպառնում է արդեն հարավից Ռուսաստանի մեկուսացմամբ:
Լևոն Սարդարյան