Մոտենում է ապրիլի 24-ը' Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Հենց այդ օրը կհիշատակվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ուղիղ 100 տարի է անցել Օսմանյան Կայսրությունում հայերի նկատմամբ իրականացված հանցագործությունից, սակայն Թուրքիայի Հանրապետությունը' որպես Օսմանյան կայսրությայն իրավահաջորդ, ոչ միայն չի ճանաչել հայոց ցեղասպանության փաստը, այլև շարունակում է իր ժխտողական քարոզչությունը:


Պարզ է, որ Թուրքիան դեռևս շատը հեռու է սեփական պատմության հետ առերեսվելուց: Սակայն դա չի նշանակում, որ Հայաստանը պետք է ձեռպահ մնա Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին նոր թափ հառորդելուց, այլ ընդհակառակը' այն պետք է տեղափոխի նոր փուլ, որում քայլերի հիմնական ուղղվածությունը կլինի Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման ուղղությամբ:


Այս առումով կարևոր է «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը», որտեղ տեղ են գտել մի քանի առանցքային դրույթներ: Կարևոր է այն հանգամանքը, որ հռչակագրում հղում է կատարվում մի շարք միջազգային իրավական փաստաթղթերի և 6-րդ կետում ամրագրում Հայաստանի և հայ ժողովրդի միասնական կամքը' ցեղասպանության համաշխարհային ճանաչման հասնելու և ցեղասպանության հետևանքների հաղթահարման համար իրավական պահանջների թղթածրար մշակելու գործում: Սա նշանակում է, որ հայոց ցեղասպանության ճանաչման և հետևանքների հաղթահարման գործընթացը տեղափոխվում է իրավական հարթություն, ինչը, անշուշտ, դրական է: Հռչակագրում նշվում է նաև, որ Թուրքիայի ներկայիս հակահայ կեցվածքը կատարած հանցագործության համար անպատիժ մնալու հետևանք է, այլ կերպ ասած' կարևորվում է հանցագործ պետությանը պատժի ենթարկելու անհրաժեշտությունը:


Այնուամենյանիվ, հռչակագիրը հայեցակարգային բնույթ է կրում, իսկ Հայոց ցեղասպանության ճանաչման և հետևանքների հաղթարարման գործում հաջողելու համար անհրաժեշտ են գործնական քայլեր: Հայաստանը հանդիսանում է միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ և հնարավորություն ունի համապատասխանաբար Թուրքիային քարշ տալ միջազգային դատարան, իսկ թե ինչ քայլերով և ինչ իրավական փաստարկներով, դա արդեն լուրջ մշակման և հաշվարկման կարիք ունի և հսկայական ժամանակ ու ռեսուրսներ է պահանջում, քանի որ պետք է հաշվի առնել խնդրի ոչ միայն իրավական կողմը, այլ նաև այլ գործոններ:

 

 

 Արման Ալավերդյան