Տպավորություն է ստեղծվում, թե Ռուսաստանի, երևի շուտով նաև Իսրայելի համար, Հայաստանում որոշ մարդիկ ավելի անհագստացած են Իրանի շուրջ ստեղծված նոր իրավիճակում, քան ասենք ռուսական փորձագիտական շրջանակներն են: Դեռ ռուս փորձագետները ձայն չհանած մեզ մոտ արդեն կուրծք են ծեծում, որ Իրանի նկատմամբ սանկցիանեը հանելու դեպքում զգալիորեն թուլանալու է Ռուսաստանի դերը, իսկ դա նշանակում է Հայաստանի թուլացում, ֆլան ֆստան: Նորմալ է անձնական մասնագիտական կողմնորոշումներ ունենալու համար, բայց արդեն աննորմալ է, երբ դրանք փորձ է արվում համեմել ազգային-պետական շահերի պաշտպանության մղումով:
Իրան-Արևմուտք հարաբերությունների կարգավորումը տարածաշրջանային և գլոբալ մակարդակով լուրջ կոնյուկտուրային փոփոխությունների կարող է բերել, եթե ամեն ինչ նորմալ ընթանա, հետևաբար որևէ մեկը դեռ երաշխիք չունի, թե արդյոք դա բացասական է ազդելու Հայաստանի վրա: Իհարկե դաշնակից պետությունների' տվյալ դեպքում Ռուսաստանի, համար կարելի է անհանգստանալ, բայց միշտ առաջին հերթին պետք է սեփական գոյության մասին անհանգստանալ: Իսկ ի՞նչ էր լինելու, եթե իրանական խնդիրը ի վերջո հանգեր ռազմական լուծման տարբերակին կամ դրան տանող որևէ տարբերակի, շահելու էի՞նք:
Կնյազ Սարոյան