Անկեղծ ասած, չեմ հասկանում այն աղմուկ-աղաղակի իմաստը, որը բարձրացրել են՝ կապված Ծիծեռնակաբերդում դպրոցականների պատվո պահակախմբերի հետ։ Ըստ իս՝ փայլուն գաղափար է, որը թույլ է տալիս ավելի ամրացնել սերունդների կապը և մատաղ սերնդի ներկայացուցիչների համար ստեղծել հնարավորություն, ավելի անմիջականորեն հաղորդակցվելու մեր պատմության այս կարևորագույն էջի հետ։
Ինձ առավել զարմացնում է այն, որ ավագ սերնդի բազմաթիվ ներկայացուցիչներ են նման նախաձեռնության դեմ հանդես գալիս։ Մի՞թե մոռացել են իրենց պիոներական մանկությունը և ճամբարները։ Քի՞չ է եղել, որ որպես պիոներներ դուք պատվո պահակախումբ կազմեիք, կամ էլ ինչ որ այլ բաներ անեիք՝ Հայրենականի զուհերի հուշակոթողների և այլ պատմամշակութային հուշարձանների մոտ։
Անձաամբ ինձ շատ էլ դուր է գալիս այս նախաձեռնությունը և ոչ մի ավելորդություն չեմ տեսնում դրա մեջ, իսկ քննադատություններն այս պարագայում բացատրում եմ իներցայով. մարդիկ արդեն սովորել են, որ տարբեր պետական մարմիններ՝ այս դեպքում ԿԳՆ-ը ինչ անի, ուրեմն պետք է անողոքաբար քննադատել։ Դա ճիշտ չէ։
Վազգեն Ղազարյան