Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի՝ օրերս երկրի խորհրդարանում տեղի ունեցած ամենամյա ելույթից հետո նոր հեռակա բախում է առաջացել վերջինիս և գործող վարչապետ Իրակլի ղարիբաշվիլիի միջև: Խնդիրը մասնավորապես կայանում է նրանում, որ Մարգվելաշվիլին հերթական անգամ քննադատություններ է ուղղել Կառավարության հասցեին, ինչը Ղարիբաշվիլին որակել է որպես անարդար և անընդունելի քննադատություն:
Վրաստանի նախագահը երկրի գլխավոր օրենսդիր կառույցի ամբիոնից խոսել է տնտեսական աճի դանդաղեցման, աշխատատեղերի բացակայության և մի շարք այլ խնդիրների վերաբերյալ, ինչն, իհարկե, անմիջապես կապված է Կառավարության գործունեության հետ:
Մարգվելաշվիլին նաև կարծիք է հայտնել, որ Կառավարությունը խուսափում է իր հետ հանդիպումներ կազմակերպելուց և առհասարակ կապը պահելուց:
Վարչապետ Ղարիբաշվիլին, սակայն, իր հերթին գործադիրի նիստի ժամանակ հայտարարել է, որ իրենք միշտ պատրաստ են նախագահի հետ հանդիպումներին, քննարկումներին և խարհրդակցություններին: Միևնույն ժամանակ, Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ իրենք նման առաջարկ կամ դիմում չեն ստացել:
Դրան հաջորդել է նախագահի աշխատակազմի արձագանքը, որտեղ հերքվել է վարչապետի խոսքերը՝ կապված վերոնշյալ հանգամանքի հետ, հիշեցնելով, որ Մարգվելաշվիլին, օգտվելով սահմանադրությամբ իրեն վերապահված իրավունքից, երկու անգամ դիմել է Կառավարությանը ՆԱՏՕ-ի առկա փաթեթի ներդրման հարցի առնչությամբ խորհրդակցություն հրավիրելու պահանջով, սակայն, ինչպես հաղորդում են նույն աշխատակազմից, Կառավարությունն անպատասխան է թողել այդ պահանջները:
Հ.Գ. Այսպիսով նախագահի և վարչապետի միջև հեռակա կարգով կռիվը շարունակվում է, ինչը հիմք է ստեղծում ենթադրելու, որ Վրաստանում գալիք տարիներին քաղաքական ղեկավարության փոփոխությունների հավանականութունը ավելի է մեծացնում: Իսկ պատճառն այն է, որ վերջին շրջանում Մարգվելաշվիլիի կարծիքն ավելի է համընկնում ընդդիմության տեսակետների հետ, և կարող է ստացվել այնպես, որ Ղարիբաշվիլին այլևս անզոր լինի դիմադրել օրեցիր աճող քննադատություններին, և ի վերջո այդ զարգացումների հետ անուղղակիորեն մասնակից ու շատ հարցերում գլխավոր որոշող անձը՝ նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, նույնիսկ ընտրի Ղարիբաշվիլիին փոխարինելու տարբերակը:
Ալիկ Էրոյանց