Ոչ պաշտոնական տվյալներում հայ մեծահարուստները Հայաստանից արտահանել են 5-ից 6 միլիարդ դոլար: Եթե ընդունենք, որ հասարակությունը ավելի շատ վստահում է ոչ պաշտոնական տվյալներին, և համարեք, որ այս տեղեկությունը մոտ է իրականությանը, ապա պատկերացրեք, թե մայր Հայրենիքում ներդրումներ անելու, երկիրը տնտեսական ծանր կացությունից հանելու ինչպիսի ռեզերվներ կան:
Նույնքան, եթե ոչ ավելի միջոցներ ունեն նաև մերձավոր սփյուռքի հայ մեծահարուստները: Հանրային խորհրդի մասնագետների հաշվարկով «Նաիրիտը» գործարկելու և տարեկան 17 մլն. դոլար զուտ շահույթ ապահովելու համար հարկավոր է ընդամնեը մի քանի հարյուր միլիոն դոլար: Խիզախեք, հայ օլիգարխներ, միայնակ կամ բաժնետիրական հիմունքներով, կարևոր չէ:


Առանց արդյունաբերությունը վերականգնելու, աշխատատեղեր ստեղծելու, տնտեսության իրական հատվածը զարգացնելու Դուք նախ և առաջ, վնասում և վտանգում եք Ձեր Բիզնեսը: Արտագաղթը և անվճարունակ ու աղքատ բնակչությունն այլևս միայն իշխանությունների խնդիրը չեն:


Նվազող տրանսֆերտներն ու աճելու ունակությունից զրկված աշխատավարձերն էլ շուտով ի վիճակի չեն լինի սպասարկել Ձեր օրեցօր բացվող հիպերմարկետների ախորժակը:


Արդյունաբերության ոլորտում ներդրումներ կատարելն, իհարկե, ռիսկային է: Բայց և մի մոռացեք, որ շամպայն խմում են ռիսկի դիմող մարդիկ: Եվ մի սպասեք, որ մի օր կառավարությունը հավաքի Ձեզ որևէ դահլիճում ու հորդորի կանգնել իր կողքին ու փրկել փլուզվող տնտեսությունը: Ինքներդ արժանապատվորեն պահանջեք, որ կառավարությունը կանգնի Ձեր կողքին ու օգնի կամ գոնե չխանգարի իրականացնել երկիր ու ժողովուրդ պահող Ձեր ծրագրերը:


Հ.Գ. Խիստ է ասված, բայց այս խոսքերի հեղինակը՝ Բեռնարդ Շոուն, Նոբելյան մրցանակի դափնեկիր է և գուցե նրան կարելի է ասել, որ «սկզբունքներ չունեցող հարուստ մարդիկ ավելի վտանգավոր են ժամանակակից հասարակության մեջ, քան բարոյականություն չունեցող աղքատ կանայք: Երբեմն ուրախացրեք մարդկանց, որպեսզի նրանց շեղեք Ձեզ կախելու մտադրությունից»:

 

 


Արման Ղարիբյան