Կյանքի դժվարին փուլում հայտնվածի վիճակը նման է այն մարդու վիճակին, որը երկար ժամանակ կանգնած է մեկ ոտքի վրա: Ծանրաբեռնված ոտքի մկանները սկսում են ցնցվել: Նա հազիվ է պահում հավասարակշռությունը: Արդեն ոչ միայն ոտքն է ցավում, այլև ամբողջ մարմինը: Ցավը դառնում է անտանելի, մարդը օգնության կոչ է անում: Շրջապատողները փորձում են ամեն կերպ օգնել նրան: Մեկը մերսում է հիվանդ ոտքը, մյուսը՝ լարված պարանոցը:
Երրորդը՝ տեսնելով, որ մարդը շուտով կկորցնի հավասարակշռությունը, որպես հենարան, նրան է առաջարկում իր ձեռքը: Կողքին կանգնածները խորհուրդ են տալիս, որ հենվի և ուժ տա ձեռքերին, որպեսզի կանգնելը հեշտ լինի: Հետո ձայները մեկ արած ասում են, թե մի ոտքի վրա կանգնած մարդը լիարժեք երջանիկ է, քանի որ կան այնպիսիք, ովքեր ընդհանրապես ոտք չունեն… Վերջապես հայտնվում է ևս մեկը, մոտենում է թշվառին և հարցնում. "Ինչու՞ ես կանգնած մեկ ոտքի վրա… ուղղիր մյուս ոտքդ…ախր երկրորդ ոտք ունես":
Վահե Ղազարյան