Այսօր Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցի համաձայն՝ Ծաղկազարդի տոնն է, որը կոչվում է նաեւ ծառզարդար կամ ծառկոտրուկ: Այն տոնում են Զատկից մեկ շաբաթ առաջ՝ ի հիշատակ Քրիստոսի «Երուսաղեմ մտնելու օրվա», երբ նրան դիմավորել են ձիթենու կանաչ ոստերով: Այս մասին նկարագրված է Ս. Գրքում. «Եվ բազում ժողովուրդ իրենց զգեստները փռեցին ճանապարհի վրա, իսկ ուրիշներ ծառերից ճյուղեր էին կտրում ու սփռում ճանապարհի վրա»(Մատթ.29։99)։ Ժողովրդի բազմությունը աղաղակում էր ու ասում.«Օվսաննա, օրհնյա՛լ լինես դու, որ գալիս ես Տիրոջ անունով»(Հովհ.12։13)։

 


Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ծաղկազարդը հռչակել է որպես մանուկների օրհնության օր՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Տիրոջ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին ասելով. «Օրհնություն, Դավթի որդուն» (Մատթ. 21:15): Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ' ձիթենու և արմավենու ճյուղերով, ինչպես նաև իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. «Ովսաննա Բարձյալին, օրհնեալ լինի Նա, ով գալիս է Տիրոջ անունով, օրհնեալ լինի մեր հոր' Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներում» (Մարկ. 10:9-10): Հիսուսի առջև հանդերձներ նետելը խորհրդանշել է մեղքերից ազատվելը: Ոստեր և ճյուղեր ընծայելը խորհրդանշել է առանձնակի պատիվներ և հանդիսավորություն: Ձիթենին համարվել է իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան:

 


Ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը Քրիստոսին, խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը: Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով,առավոտյան կատարվում է ժամերգություն և Անդաստանի կարգ, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են հավատացյալ ժողովրդին, որոնք պահվում էին մինչև հաջորդ ծաղկազարդ։
Դրանց վերագրվում էր բարիքի, առատության, պտղաբերության հմայական զորություն։ Ծաղկազարդի երեկոյան կատարվում է Դռնբացեքի արարողությունը, բացվում են եկեղեցիների խորանների վարագույրները' խորհրդանշելով Տիրոջ երկրորդ գալուստը,աշխարհի վախճանը և Վերջին դատաստանը։ Ժամանակին այս արարողությունը կատարվել է եկեղեցու փակ դռան առջև։ Ծաղկազարդին հաջորդող երկուշաբթիից մինչև Ս. Զատիկ տևող շրջանը կոչվում է «Ավագ կամ Մեծ Շաբաթ»: Այդ օրերին եկեղեցին հիշատակում է Յիսուսի երկրավոր կյանքի վերջին ընթրիքը, մատնությունը, չարչարանքը, խաչելությունն ու թաղումը: Իսկ հաջորդ կիրակի տոնում ենք Ս. Զատիկը՝ Քրիստոսի հրաշափառ հարության տոնը:

 

 

 

 

 

Նորա Մկրտչյան