1985 թ․ մայիսի 9-ին Նյու Յորքում հրատարակվող «Նովոյե ռուսկոյե սլովո» թերթում լույս տեսավ հայտնի այլախոհ Ազատ Արշակյանի հոր նամակը՝ ուղղված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Հավիեր Պերես դե Կուելյարին․
«Ես՝ Լեւոն Հակոբի Արշակյանս, Հայրենական պատերազմի մասնակից, չորս անգամ վիրավորված, դիմում եմ ձեզ իմ միակ որդուս՝ Ազատ Լեւոնի Արշակյանի հարցով։
1974 թվին իմ որդին դատապարտվեց 10 տարվա բանտարկության, որից 7 տարին՝ խիստ ռեժիմի պայմաններում, իսկ 3 տարին՝ աքսորում։ Ինչու՞մն է որդուս մեղքը։
ԽՍՀՄ Սահմանադրության 17-րդ հոդվածի համաձայն՝ միութենական յուրաքանչյուր հանրապետություն իրավունք ունի դուրս գալու ԽՍՀՄ կազմից։ Նույն Սահմանադրության 125-րդ հոդվածը հռչակում է մամուլի եւ խոսքի ազատություն։
Այդ հոդվածների առաջին իսկ քննարկումը իմ 23 տարեկան որդուն հասցրեց բանտ․․․ Մեր բնակարանը խուզարկեցին եւ գտան «արգելված գրականություն»։
1977 թվին Հայաստանի Գերագույն Սովետը ինչ-ինչ նկատառումներով ազատեց որդուս, սակայն ՊԱԿ-ը իր զոհերին այդքան հեշտ չի արձակում։ 1981 թվին տեսնելով, որ իմ որդին չի հրաժարվում իր համոզմունքներից, նրան նորից ձերբակալեցին եւ նույն հոդվածով դատապարտեցին 11 տարվա ազատազրկման, որից 3 տարին՝ հատուկ բանտային կալանքի, 5 տարին՝ ճամբարային հատուկ ռեժիմի եւ 3 տարին՝ աքսորի։ Չեմ ուզում նկարագրել այն տանջանքները, որոնց իմ տղան ենթարկվեց բանտում։
1984-ի փետրվարի 25-ին, բանտային կալանքը լրանալուց հետո, որդուս ուղարկեցին ճամբար։ Մեզ հայտնեցին, որ տարին մեկ անգամ՝ 1-3 օրով թույլատրվում է այցելության գնալ որդուս եւ այդ տեսակցությունը նշանակված է ապրիլի 18-19-ը։ Աղջիկս, Ազատի կինն ու 5 տարեկան երեխան մեծ դժվարությամբ ապրիլի 18-ին հասնում են ուրալյան այդ հեռավոր գյուղը։ Սակայն, տեսակցությունից մի քանի րոպե առաջ, խեղճ կանանց հայտնում են, որ թույլատրվում է ընդամենը 2 ժամվա տեսակցություն, որի ընթացքում արգելված է խոսել մայրենի լեզվով։ Տեսակցությանը, բացի ճամբարային վարչության ներկայացուցիչներից, ներկա են եղել 7-8 զինվորականներ՝ զենքերն ուղղած աղջկաս, հարսիս եւ հինգամյա թոռնիկիս վրա։ Ամբողջ խոսակցության ընթացքում տղայիս չի թույլատրվել խոսել իր երեխայի հետ, որովհետեւ երեխան ռուսերեն չգիտեր։
Ես հասկանում եմ, որ ուզում են որդուս «կոտրել», սակայն ես գիտեմ նրա բնավորությունն ու անհատականությունը։ Ուստի չեմ կասկածում, որ դա կհանգեցնի նրա մարմնական ոչնչացմանը։ Ես հասկանում եմ, որ նա ճամբարից կենդանի չի վերադառնա։ Ես կորցնում եմ իմ միակ որդուն։
Պարո՛ն գլխավոր քարտուղար, խնդրում եմ Ձեր աջակցությունը՝ փրկելու իմ միակ որդուն»։
«Հարգանոք՝
Լեւոն Արշակյան»
ԼՈՒՍԱՆԿԱՐՈՒՄ՝
Ազատ Արշակյանը
Հայե՛ր, գիտե՞ք, որ