Այս օրերին լրանում է սիրիական ճգնաժամի 4-րդ տարին: Մերձավոր Արևելքի և արաբական աշխարհի երբեմնի ամենակայուն, ազդեցիկ և ունիտար պետություններից մեկն անցյալ 4 տարիների ընթացքում առանցքային տրանսֆորմացիաների, ողբերգական փորձությունների է ենթարկվել, ինչի հետևանքով լրջորեն վտանգված է ոչ միայն Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքային ամբողջականությունն, այլև սիրիացի ժողովրդի ապագան ընդհանրապես:


Եթե իրավիճակը ներկայացնենք թվերի տեսքով, ապա կստացվի հետևյալ պատկերը՝ 2011 թ. ցուցանիշներով՝ այսինքն մինչև «սիրիական գարունը», ավելի քան 23.5 մլն բնակչություն ունեցող Սիրիայում հակամարտության 4 տարիների ընթացքում, ՄԱԿ-ի կողմից հրապարակված տվյալների համաձայն, զոհվել է ավելի քան 220 հազար մարդ (այդ թվում, ըստ UNICEF-ի, ավելի քան 11 հազար երեխա), ասել է թե՝ ամբողջ բնակչության թվի շուրջ 1%-ը: Ավելի քան 4 մլն մարդ (այդ թվում, ըստ UNICEF-ի, շուրջ 2 մլն երեխա) դարձել է փախստական, ավելի քան 7,5 մլն մարդ (այդ թվում, ըստ UNICEF-ի, մոտ 5.6 մլն երեխա) վերածվել են ներքին տեղահանվածների. այսինքն, ընդհանուր առմամբ, բնակչության մոտ 50%-ը զրկվել է տնից, բնակարանից:


Հակամարտության սկզբին 185,180կմ² տարածք ունեցող ունիտար հանրապետության տարածքի՝ ՄԱԿ-ի տվյալների համաձայն միայն 60%-ն է ներկայում գտնվում երկրում իշխող վարչակարգի վերահսկողության ներքո, իսկ մնացած հատվածն տարբեր և ամեն օրվա կտրվածքով մշտապես փոփոխվող համամասնությամբ բաժանված է «Իսլամական պետություն» իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպության, քրդական ուժերի, ինչպես նաև շուրջ 1000 բազմաբնույթ և տարբեր ուղղվածության հակակառավարական խմբավորումների միջև:


Իսկ թե ի՞նչ բնույթ է կրում սիրիական հակամարտությունը միջազգային իրավական եզրաբանությամբ, դարձյալ բավականաչափ բարդ է միանշանակ բնութագրում գտնելը: Երկրում առկա է ներքին զինված հակամարտություն՝ ներսիրիական դերակատարների և արտաքին որոշ կառույցների (լիբանանյան «Հիզբալլահ», «Ալ-Կաիդա») ուղղակի, մի շարք մերձավորարևելյան և արտատարածաշրջանային պետությունների (Իրան, Ռուսաստան, Թուրքիա, Սաուդյան Արաբիա, Կատար, Իսրայել, ԱՄՆ և այլն) անուղղակի ներգրավմամբ: Սիրիական հակամարտության առանցքային բաղադրիչներից մեկն էլ հանդիսանում է միջազգային հակաահաբեկչական պայքարի իրողությունը՝ հայտարարված «Իսլամական պետություն», «Ալ-Կաիդա», «Խորասան» և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ՝ սիրիական իշխանությունների և մոտ 60 երկրներից կազմված միջազգային ռազմական կոալիցիայի մասնակցությամբ:
Վերոնշյալն, ինչպես նաև թե՛ Սիրիայում, թե՛ նրանից դուրս ստեղծված աշխարհաքաղաքական լարված իրավիճակը որևէ դրական հիմքեր չեն ստեղծում ճգնաժամի հանգուցալուծման հարցում: Ակնհերքելի է այն հանգամանքը, որ առնվազն միջնաժամկետ հեռանկարում լուրջ ձևափոխումներ և փորձություններ են սպասվում ոչ միայն քարտեզում «Սիրիա» անվանումով գծանշված աշխարհագրական տարածքին, այլև, որ շատ ավելի կարևոր է՝ դրանում ապրած, սերած, յուրօրինակ մշակույթ ու քաղաքակրթություն կերտած ժողովրդին, որի ապագա սերնդի գերխնդիրն է, առանց խորը արժեքային մղումների, երկրագնդի որևէ հատվածում կյանքի ամենատարրական անհրաժեշտությունների համար պայքարը՝ անչափ հեռու ժամանակակից քաղաքակրթական միտումներից և առաջնահերթություններից:

 

 

Արմեն Պետրոսյան