Մարտի 29-ը կարեւոր օր է մեզ համար: Եվրոպայի 2016թ.-ի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի ամենակարեւոր խաղը, թերեւս: Կամ հիմա, կամ՝ երբեք: Բայց, երեւի թե, հիմա՛: Սա է պահանջում ոչ միայն հայ երկրպագուն, այլեւ մրցաշարային իրավիճակը: Ալբանիայի հավաքականի հետ կայանալիք խաղից առաջ մեր ընտրանին համալրում ունի: Հրավիրված երկու նորեկների մասին մենք տեղեկություններ ունենք, հետեւել ենք, իմացել ենք: Բայց ամենաճիշտ կարծիքը կարելի է կազմել միայն սեփական աչքով տեսնելուց հետո, թե ինչպես Գաելն ու Ռուսլանը հոգին կներդնեն իրենց պապերի երկրի համար: Անդոնյանի ֆուտբոլային կրթության մասին խոսելիս՝ բավական է նայել, թե որ ակումբի կազմում է խաղում: Մարսելի Օլիմպիկը միշտ էլ եղել է եվրոպական առաջատար ակումբների շարքում՝ անկախ նրանից, թե ինչպիսի վիճակում է եղել եւ ինչ արդյունքների է հասել պարբերաբար: Ռուսլանի ակումբն ավելի համեստ է, բայց հուսանք, որ ֆուտբոլիստի անհատական որակներն ավելին են, քան այն առաջնության մակարդակը, որտեղ հանդես է գալիս Կորյանը: Իսկ հիմա. ի՞նչ կարող ենք անել Ալբանիայի դեմ խաղում: Նախ, բոլորիս մտահոգում է այն փաստը, որ մեր ընտրանու առանցքային ֆուտբոլիստներից միանգամից մի ստվար խումբ իրենց ակումբների կազմերում չմասնակցեցին ազգային առաջնությունների հերթական խաղերին, որոնք վերջինն էին՝ հավաքական ժամանելուց առաջ: Սա, իհարկե, ցավալի է: Բայց մյուս կողմից, խաղալու հսկայական ծարավը, որը մեր տղաները չկարողացան հագեցնել իրենց թիմերի կազմերում, կարծում եմ՝ լիարժեք կարող են հագեցնել հավաքականի կազմում: Սա պարզապես լավատեսություն չէ: Սա ֆուտբոլային է, որը կհաստատի ցանկացած ֆուտբոլիստ: Իսկ միգուցե վերջին տուրում բաց թողած խաղերը մեր տղաների օգտի՞ն են...ավելի լավ հանգստանալու, ավելի տրամադրված մոտենալու առաջիկա խաղին: Սպորտում՝ առհսարակ, եւ ֆուտբոլում՝ մասնավորապես, գոյություն ունի «մարզական չարություն» ոչ միայն տերմինը, այլեւ հոգեբանական ու բնավորության կարեւորագույն բաղկացուցիչը: Հենց այդ մարզական չարությունն էլ պետք է եւ անհրաժեշտ է օգտագործել Էլբասանում: Ամենաշատը մտահոգում է Յուրա Մովսիսյանի շուրջ ստեղծված իրավիճակը: Մուրատ Յակինը շարունակում է չվստահել Յուրային եւ դրանում, վստահ եմ, մեղավորը հենց Մովսիսյանն է: ՖՈՒՏԲՈԼ ԽԱՂԱԼ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ, ՅՈՒՐԱ՛: Ինքներս ենք տեսել, որ Դավիդովը, ով Սպարտակի մեկնարկային կազմում խլել է տեղը Յուրայից, ամենեւին էլ առավել չէ մեր ֆուտբոլիստից: Հույս ունեմ, որ Սպարտակում մեկնարկային կազմից դուրս մնալը՝ չնայած խաղաժամանակի առումով իր բացասական ազդեցությանը, կունանա նաեւ դրական հետեւանք մեր ազգային հավաքականի համար: Ի վերջո, ապացուցելու խնդիր կա: Շարունակում է մտահոգել Հենրիխ Մխիթարյանի խաղը նույնպես: Մենք նախկին Հենոյին ենք ցանկանում տեսնել: Յուվենտուսի հետ վերջին երկու խաղերը, ինչպես նաեւ Բունդեսլիգայի վերջին մի քանի խաղերը ցույց տվեցին հստակ, որ Մխիթարյանն ակնհայտ հոգեբանական անկման մեջ է: Բայց Մխիթարյանն այն ֆուտբոլիստներից է, ով պրոֆեսիոնալ է մոտենում աշխատանքին եւ ամենապատասխանատու պահերին կարողանում է հավաքվել: Էլբասան Արենան կլինի դրա ապացույցը: Խաղային ժամանակ չստացավ նաեւ Ռոբերտ Արզումանյանը՝ Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի վերջին տուրում: Բայց Արզումանյանը բազմիցս է ապացուցել, որ դա մեծ խնդիր չէ իր համար: Էդգար Մանուչարյանը փոփոխական հաջողություններով է հանդես գալիս Ուրալի կազմում: Բայց վերջին խաղում այնքան էլ վատ տպավորություն չթողեց, դարձավ նաեւ գոլային փոխանցման հեղինակ...զգաց խաղը: Կարեւոր է նաեւ Գեւորգ Ղազարյանի մարզավիճակը: Կերկիրա տեղափոխվելուց հետո՝ կարծես, աստիճանաբար շտկվում է Գեւորգի խաղը: Ուզում եմ հավատալ, որ Տոբոլի անհաջողությունները բացասական ազդեցություն չեն ունենա Կառլեն Մկրտչյանի վրա: Մեր հենակետայինը, ով գրեթե յուրաքանչյուր խաղում աչքի է ընկել առաջին հերթին նվիրվածությամբ, պայքարելու անհագ ցանկությամբ, պետք է որ այս անգամ նույնպես հուսախաբ չանի: Հավատացեք, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստի մասին ավելի շատ ու ավելի երկար կարելի է գրել...Բայց կանգ առնեմ այսքանով եւ մի բան փաստեմ: Եթե ուզում ենք հաղթել Ալբանիային, ապա պետք է հիշել Սերբիայի հետ կայացած խաղը՝ Երեւանում: Ճիշտ նույն նվիրվածությամբ, անձնազոհությամբ, «Մեկը բոլորի, բոլորը՝ մեկի համար» կարգախոսով խաղադաշտ մտնելու, ուժերի առավելագույն լարմամբ խաղալու դեպքում էլ հենց, կլինի ցանկալի արդյունքը: Հայ ազգը երկար, շատ երկար է սպասել մեր ընտրանու հաջողությանը...Երեւանը կարոտել է մեր տղաների հաղթանակից հետո Հանրապետության հրապարակը տոնականի վերածելու նախադեպերին: Մենք տեսել ենք դա, մենք ունեցել ենք դա, մենք զգացել ենք դա...Իսկ լավ համը միշտ մնում է բերանում եւ հիշողություններում: Բոլորս այդ երեկո լինենք հավաքականի հետ, հավաքականի կողքին՝ ստադիոնում, տանը, սրճարաններում, բարերում, հրապարակներում! Հայ երկրպագուի կարիքը մեր հավաքականն ունի՝ առավել, քան երբեւէ: Հուսանք, ցավենք, աջակցենք, միասին լինենք եւ հաղթանակը կլինի մերը...

 

 

Մենուա Մեհրաբյան