Սահմանն հատած զինվորի մասնակցությամբ ադրբեջանական կողմի տարածած և մեր որոշ լրատվամիջոցների կողմից ակտիվորեն ռասկրուտկա արած տեսանյութը ոչ այլ ինչ է քան Ադրբեջանի հերթական անօրինական պահվածքի վկայություն: Գերիների մասին Ժնևի կոնվենցիան սահմանում է, որ «Յուրաքանչյուր ռազմագերի հարցաքննության ժամանակ պարտավոր է հայտնել միայն իր ազգանունը, անունը և կոչումը, ծննդյան տարեթիվը և անձնական համարը, կամ եթե այդպիսին չկա, այլ հավասարազոր տեղեկություն»: (հոդված 17) Ակնհայտ է, որ հրապարակված տեսանյութում գերազանցված է կոնվենցիայի սույն նորմը և այն պարունակում է Ադրբեջանի պետական քարոզչության գլխավոր թեզերից մի քանիսը' տղայի որակում և գնահատական պարունակող ձևակերպումները բառացիորեն վկայում են այդ մասին:
Մյուս կողմից, նույն կոնվենցիան սահմանում է, որ բոլոր միջոցները պետք է ձեռնարկել' ապահովելու գերու պաշտպանվածությունը ամբոխի հետաքրքրասիրությունից (հոդված 13): Այս դեպքում ևս տեսնում ենք, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է սույն նորմը' միտումնավոր նկարահանելով ու ապատեղեկատվություն տարածելով' փորձում հայ հասարակության ուշադրության և բնականաբար «զայրույթի» օբյեկտը դարձնել այս տղային:
Ու այստեղ մեր որոշ մեդիա ռեսուրսների կեցվածքը ջուր է լցնում Ադրբեջանի անօրինականությունների վրա: Որևէ դեպքում չարժե հանուն մի քանի ավել այցելությունների զոհ գնալ Ադրբեջանի նման անգրագետ քարոզչությանը:
Կնյազ Սարոյան