Հայոց ցեղասպանության և Լեռնային Ղարաբաղի խնդիրներում ամբողջ հայ ազգը պետք է ունենա միասնական մոտեցում: Գիտակցում եմ, որ կարող ենք ունենալ տարբերվող մարտավարությունների մասին պատկերացումներ, բայց վերջնական նպատակը միասնական է, ինչպես նաև զգանցմունքները՝ և՛ ցավի, և՛ կարևորության, և՛ յուրաքանչյուրս դերակատարում ունենալու իմաստով:
Հետևելով մեդիա դաշտին, ցավոք, պետք է արձանագրեմ, որ վերջին մի քանի ամիսներին խորանում է, ըստ իս, անհասկանալի մի քննարկում՝ ով ինչ արեց: Ու իմ համար այստեղ ամենևին էլ կարևոր չէ, որ մեկը դրական երանգներով է խոսում, մյուսը՝ բացասական: Համարում եմ, որ քննարկումը պետք է փոխել՝ ե՞ս ինչ եմ արել: Այո, ես՝ որպես աշխարհի որևէ անկյունում ապրող հայ, ի՞նչ եմ արել, որ մեր համընդհանուր խնդիրն առաջ տարվի: Միգուցե այստեղ Քենեդու հայտնի՝ «իսկ դու ինչ ես արել քո երկրի համար» խոսքը հիշելն այնքան էլ տեղին չի, բայց ընդհանուր փիլիսոփայությունը պետք է լինի նույնը: Իսկ ե՞ս ինչ եմ արել կամ ինչպես եմ նպաստել մեր համազգային հարցի ներկայացման, բարձրաձայնման, պաշպանման ու լուծման համար:
Օրինակ, քիչ չեն դեպքերը, երբ կարդում ես տարբեր մարդկանց, ովքեր, ասենք, մեղադրում են, թե այս նամակի պատասխանը տեղին չէր, այս միջոցառումը ում էր պետք, այս ելույթի հասցեատերը սխալ էր ընտրված և այլն: Հատկապես ցավալի է, իմ համար անձնապես ցավալի է, երբ այդպիսի տեսակետ հայտնում են մամուլի և մեդիա դաշտի հարգված պրոֆեսոնալները: Մամուլի ակումբների ղեկավարներին, թերթերի խմբագիրներին, հայտնի լրագրող-վերլուծաբաններին եմ ուղղում իմ և՛ մարդկային, ընկերական և՛ հայի խնդրանքն ու կոչը' դուք լավագույնն եք տիրապետում և՛ խոսքին, և՛ գրիչին, ու վստահ եմ, որ ունեք շատ գործընկերներ միջազգային տարբեր լրատվամիջոցներում. մեկ անգամ ևս խնդրում և կոչ եմ անում հատկապես ձեզ' մի՛ սպասեք, թե ուրիշներն ինչ են անում, կազմակերպում կամ ասում: Դուք ձեր անձնական և ինստիտուցիոնալ պարտքը կատարե՛ք:
Ինչքան լավ կլիներ, որ որևէ միջազգային հարթակում, լինի դա Washington Post, NYT, Spiegel, թե որևէ այլ, ամեն օր կարդանք հենց ձեր կողմից հեղինակված վերլուծական, հարցազրույց, կարծիք: Արդյո՞ք դրա համար կարևոր է, թե պետական հաձնաժողովը ինչ է կազմակերպել, կամ որտեղ և ինչ են տարբեր պաշտոնյաներ խոսել: Այո՛, մամուլը միշտ պետք է չվարանի քննադատել, բայց արդյո՞ք այդ քննադատությունն ավելի հզոր չի ներազդի, երբ մեր հենց այդ քննադատողները նաև իրենց գործով ապացուցեն իրենց մատնանշած սխալները' տպագրելով բազմաթիվ հոդվածներ, ելույթներ ունենալով արտերկրում բազմաթիվ միջազգային վեհաժողովներում և իրենց խոսքը հասցնելով աշխարհին:
Վստահ եմ, որ մեր ընդնուր նպատակին հասնելու ճնապարը սա պետք է լինի: Եկեք առաջնորդվենք «ես ինչ եմ արել» հարցադրումով ու գրեք ձեր գործընկերներին, պահանջեք տպագրել նյութեր, ամեն օր մի “op-ed” հեղինակեք, կազմակերպեք ձեր իսկ պատկերացմամբ ճիշտ գործողությունը: Սա մենք չենք անում սիրված կամ չսիրված, լիգիտիմ կամ չլեգիտիմ, դրսի կամ ներսի, իմ կամ ուրիշի համար՝ սա մենք պետք է անենք մեր համար: Սա յուրաքանչյուրիս աշխատանքն է, և սա մենք պետք է անենք 1915 թվականի զոհերի հիշատակի համար, մեր ներկայի համար ու մեր ապագա սերնդի համար:
Եվ դա անելու համար ոչ մեկից շնորհակալություն ակնկալել պետք չէ:
Թևան Պողոսյան