1496թ., Կոլոմբոսի երկրորդ նավարկության ավարտին, իսպանացի Ռոման Պանոն Ամերիկայից ծխախոտի սերմերը բերեց Իսպանիա, որտեղից էլ այն մուտք գործեց Պորտուգալիա: Լիսաբոնում Ֆրանսիայի դեսպան Ժան Նիկոն փորձեց այն, հավանեց եւ 1560թ. ծխախոտի տերևները որպես դեղամիջոց հրամցրեց Եկատերինա Մեդիչի թագուհուն, ով տառապում էր գլխացավից, եւ նիկոտինը' նյարդային համակարգը ախտահարող թույնը, իր անվանումն ստացավ վերոնշյալ ֆրանսիացի դիվանագետի ազգանունից:

 

 

Ծխախոտը նախ լայնորեն տարածվեց Փարիզում, ապա և ամբողջ Եվրոպայում: XVI դարի բժիշկներից շատերը ծխախոտը համարում էին դեղամիջոց: Երբ հայտնի դարձան ծխելու վնասակար հետևանքները, չարիքն այնքան էր տարածվել, որ դեմն առնելն այլևս անկարելի էր: Անգլիայում ծխողներին ենթարկում էին հասարակական պարսավանքի, իսկ ծխելուց չհրաժարվելու դեպքում' մահապատժի: Անգլիայի թագավոր Հակոբ Ա-ն 1604թ. «Ծխախոտի վնասների մասին» խորագրով աշխատություն գրեց, որտեղ ասվում էր. «Ծխելը մի սովորույթ է, որը զզվելի է տեսողության համար, նողկալի' հոտառության, վնասակար' ուղեղի և վտանգավոր թոքերի համար»: Հռոմի Պապ Ուրբանոս Զ-ն ծխող հավատացյալներին բանադրելով վտարում էր եկեղեցուց:

 

 

Թե' Եւրոպայում, թե' Ասիայում գործի դրված հարկադրանքի դաժան միջոցները' ծեծը, խոշտանգումներն ու մահապատիժը անզոր գտնվեցին այդ կործանարար մոլության դեմ եւ այսօր էլ ծխախոտային համաճարակի կանխարգելումն հանդիսանում է անլուծելի մի խնդիր: