«Պարզ երկինք, ու հանկարծ կայծակի պայթյուն: Խորենի մահվան բոթը: Պանթեոնը այսօր հարստացավ, աղքատացավ մեր թատերական աշխարհը: Սիրելի ժողովուրդ, ես հասկանում եմ, որ պետք է խոսեմ, եթե ոչ՝ ես, ապա էլ ո՞վ: Չգիտեմ, կկարողանա՞մ փոխանցել Ձեզ այն զգացմունքներն ու մտքերը, որ ես հիմա վերապրում եմ: Մարդ էր հազար ու մի թերություններով, բայց երբ հեռանում է մեզնից, ամեն ինչ բյուրեղանում է եւ աչքիդ առաջ կանգնում է մի հսկա, մի վիթխարի արվեստագետ: Ամեն մի ժողովուրդ կերազեր ունենալ Խորեն Աբրահամյանի նման դերասան: Ամեն մի ժողովուրդ կհպարտանար Խորեն Աբրահամյանով: Մենք, ցավոք սրտի, մարդու կենդանության ժամանակ այնքան էլ լավ չենք կարող հասկանալ, թե ով է ապրում մեր կողքին: Գանգատվեց առողջությունից: Ասացի. «Խորիկ ջա՜ն, համը չհանես: Ըստ տարիքի, հերթով: Կսպասես, ինձ ճամփու կդնես, հետո դու գիտես»:

 

Խախտեց մեր պայմանը: Ես չգիտեմ ուրիշ մի դերասանի, որ այդքան խորը հարգեր ինքն իր տաղանդը: Հայերս բոլորս տաղանդավոր ենք, բայց հազվագյուտ են պատահում այնպիսի մարդիկ, ինչպիսին Խորենն է, որ հասկանում էր, որ բնությունը իրեն տվել է, իր համար չի տվել, այլ տվել է ժողովրդի համար մի ամբողջ կյանք: Ծառայություն էր: Անդադրում գաղափարներ, անդադրում գործ: Մի օր բաժանվում էինք երեկոյան, հպարտությամբ, մի քիչ էլ գոռոզությամբ ինձ ասաց. «Այսօր տասնվեց ժամ աշխատել եմ»: Էդպես էր: Աշխատող էր: Սունդուկյանի թատրոնի բեմը ներծծված է Խորենի քրտինքի կաթիլներով մինչեւ վերջ: Հանճարեղ դերասան էր ինձ համար Վերջերս ներկայացում նայեցի իր կատարմամբ: Ասաց «Հը՞»: Ասացի. «Քո արվեստից այդպես էլ չկշտացա»: Ասաց. «Չեմ թողնելու, որ կշտանաս»:

 


Առնական արվեստ, տղամարդուն վայել արվեստ: Բարին հաստատող, մարդկություն, հայրենասիրություն հաստատող արվեստ եւ ոչ թե հենց այնպես՝ արվեստ արվեստի համար: Ինչ էլ որ աներ, գիտեր ինչի համար է անում, գիտեր ինչ է ուզում ասած լինել:
Խորիկ ջան, լավ չարիր: Դու միշտ ասում էիր, որ մենք փոքրաթիվ ենք որպես ազգ, բայց ծնում ենք համաշխարհային մեծություններ: Իհարկե, այսօր էլ հայտնի է դառնում, որ այդ մեծերից մեկը դու ես: Գնա՜ս բարով, մեծ դերասան, գնա՜ս բարով, մեծ արվեստագետ, զարմանալի հայ, գնա՜ս բարով, իմ սիրելի ընկեր:
Ամեն մի մեծ դերասանի հուղարկավորություն դառնում է ներկայացում: Այսօր Խորենը մասնակցեց իր վերջին ներկայացմանը»:

 

 

 

Հայե՛ր, գիտե՞ք, որ