Իրանական ժողովուրդների Ամանորի (Նովրուզի) կապակցությամբ Թալիշ-Մուղանյան Հանրապետության նախագահ Ալաքրամ Հումմաթզոդան հանդես է եկել շնորհավորական ռադիոուղերձով:


Ուղերձում թալիշ ժողովրդի առաջնորդը խստորեն քննադատել է ադրբեջանական բռնապետության վարած քաղաքականությունը և նախանշել այն ուղիները, որով ընթանալու է թալիշական ազգային-ազատագրական շարժումը գալիք իրանական տարում:


Ըստ Ա. Հումմաթզոդայի՝ «վերջին 25 տարվա ընթացքում թալիշական շարժումն այնքան է հզորացել, որ թալիշ երիտասարդությունն այսօր հաստատականորեն ոտքի է կանգնել ոչ միայն պաշտպանելու իր մարդկային և հասարակական իրավունքները, այլ նաև վերականգնելու հայրենի եզերքի անկախությունը»:
Թալիշ-Մուղանյան Հանրապետության նախագահը նաև շեշտել է, որ Թալիշստանի ողջ տարածքում թալիշ ժողովուրդն «ինքն է դառնալու իր ճակատագրի տերը», իսկ «թալիշական շարժումը մտնելու է երկրի բոլոր քաղաքներն ու գյուղերը»:


Ա. Հումմաթզոդան մատնանշել է, որ արդարությունը պահանջում է, որպեսզի «թալիշն իր հայրենիքում սեփական ճակատագրի տերը դառնա»:


Նախագահը Թալիշստանի անկախության առաջամարտիկներին գալիք տարում մաղթել է կորով և քաջառողջություն, իսկ թալիշ ժողովրդին՝ արժանավայել ու երջանիկ կյանք և վստահեցել, որ Թալիշստանի անկախության և թալիշ ժողովրդի իրավունքների վերականգնման համար պայքարի ձայնը հասանելի է դառնալու նաև համաշխարհային հանրությանը:

 

 

Վարդան Ոսկանյան