Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր մասնակցել է Մաքսային միության անդամ երկրների մաքսային ծառայությունների միավորված խորհրդի 14-րդ նիստին:


Կառավարության ղեկավարը ողջունել է միավորված խորհուրդի՝ 2015 թ. առաջին նիստի անցկացումը Երևանում, ինչը վկայում է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցությունն ակտիվացնելու ջանքերի մասին:


Ինչպես նշեց ՀՀ վարչապետը' Մաքսային ծառայությունների միավորված խորհուրդի գործունեությունն ուղղված է այնպիսի փաստաթղթերի մշակմանն ու ընդունմանը, որոնք կնպաստեն ԵՏՄ անդամ երկների առևտրատնտեսական ներուժի առավելագույն օգտագործմանը, մաքսային ընթացակարգերի ներդաշնակեցմանը և պարզեցմանը, մաքսանենգության դեմ պայքարի, ստվերային ու կեղծված արտադրանքից ներքին շուկայի պաշտպանության համաձայնեցված միջոցառումների կազմակերպմանը:


Հովիկ Աբրահամյանը նշեց, որ անհրաժեշտ է հրաժարվել հռչակագրային բնույթի որոշումներից ու հայտարարություններից և ձեռնարկել գործնական քայլեր՝ մաքսային ոլորտում առկա պայմանագրային բազայի իրագործման և այդ նպատակով համապատասխան արդյունավետ մեխանիզմների ձևավորման համար:


Վարչապետը կարևորեց մաքսային հանցագործությունների և կոռուպցիայի դեմ պայքարը,մաքսային արժեքի որոշման, ռիսկերի կառավարման և էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակման հետ կապված հարցերը, որոնք պետք է ԵԱՏՄ անդամ երկրների մաքսային ծառայությունների գործունեության առաջնահերթությունները լինեն:

 

 

Տիգրանուհի Դավթյան