Այսօր ՀՀ կառավարության նիստին քննարկվել է ՀՀ-ում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման, քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության իրականացման, քաղաքաշինական էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման կարգի, ՀՀ-ում ըստ ռիսկայնության աստիճանի (կատեգորիաների) օբյեկտների և դրանց դասակարգման, կառուցապատման թույլտվությունների ձևաթղթերի վերաբերյալ որոշման նախագիծը:
Ինչպես նախագիծը ներկայացնելիս նշել է ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, որոշման նախագիծը նպատակ ունի հստակեցնել կառուցապատման նպատակով թույլտվության և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը, որի ընդունմամբ ակնկալվում է քաղաքաշինության ոլորտում ներդրողների համար ձևավորել հստակ, բարենպաստ և ամբողջական իրավական միջավայր, հնարավորիս պարզեցված պայմաններով' փոխկապակցված կառուցապատվող օբյեկտի ռիսկայնության աստիճանի հետ:
Խնդրո առարկա որոշման նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է քաղաքաշինության ոլորտում գործարար միջավայրի բարելավմանն ուղղված հետևողական քայլերի շարունակականության ապահովման, կառուցապատման ընթացակարգերի հետագա կանոնակարգման ու պարզեցման, ինչպես նաև՝ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման անհրաժեշությամբ:
Նախագիծը միտված է գործարար միջավայրի բարելավմանն ուղղված այնպիսի միջոցառումների իրականացմանը, որոնք որևէ կերպ չեն վտանգի կառուցապատվող միջավայրի անվտանգությունը, կայունությունն ու հուսալիությունը:
Հասմիկ Պետրոսյան