(Հեղինակ' Տեր Մեսրոպ քահանա Երիցյան, Գեղարքունյաց թեմի Շորժայի և տարածաշրջանի հոգևոր հովիվ)
Չինգիզ խան (Թիմուչին): Ինձ դեռ վաղ մանկուց ծերերը շատ են պատմել, որ արյունարբու բռնակալը եղել է Հայաստանում և հերթական ասպատակություններից հետո իր դստեր ու հրոսակների հետ միասին հարուստ ավարով անցել է Միափորի (Մրղուզ, 2993 մ) լեռներով, որտեղ, ծանր ջերմության մեջ ընկնելով, մահացել է բռնակալի դուստրը: Չինգիզ խանը պատմության համաձայն այստեղ զավթած ավարից կառուցել է տալիս ամբողջությամբ ոսկուց և այլ ազնիվ մետաղներից պատրաստված դագաղ, ուր բազմաթիվ գերված գեղանի կանանց հետ հողին է հանձնել իր դստերը.... Գիտնականները կարծում եմ, որ պետք է վերջնական կերպով պարզեն այս արծածված դեպքի իսկությունը: Ավելին ասեմ, խորհրդային շրջանում որոշ պատմաբաններ և հնագետներ փորձել են Միափորի լեռներում համապատասխան պեղումներ և ուսումնասիրություններ կատարել, սակայն վերջիներիս ջանքերը անցել են ապարդյուն, առանց որևիցե արդյունքի: Հետևաբար, դեռ ամեն ինչ դեռ առջևում է: Ավելին ասեմ, իմ լուսահոգի հնագիտության դասախոս, պատմ. գիտությունների թեկնածու Վարշամ Ավետյանը կիսում էր իմ վարկածի իրողությունը: Դա, ըստ երևույթին, եղել է արյունռուշտ տիրակալի' դեպի Ատրպատական արշավից վերադարձից հետո:
Այսպիսով, «Մարդկանց արյան գետեր հոսեցնող » Չինգիզ Խանը ( 1162-1227թթ.) 1220թ. շատ հավանական է, որ եղել է Հայաստանում: Այդ է վկայում ողջ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանի հայ ազգաբնակչության կողմից սերունդներին դարեր շարունակ ավանդված այս իրականությանը մոտ հավաստի պատումը: Համաձայն այս ավանդապատումի, Չինգիզ Խանը 1219թ. հաղթանակած Միջին Ասիայից Մերվը, Բուխարան,Սամարղանդը եւ Խորեզմի մայրաքաղաք Ուրգենչը ամայացնելուց հետո Ատրպատականով անցել է Հյուսիս՝ Ռուսական հողերը հպատակեցնելու: Շարժվելով Արեւելյան Այսրկովկասով՝ Շամախիով մտել է Հայաստան, ապա, ավերածություններ գործելով Հայոց աշխարհով, անցել է Միափորի (գլխավոր ամենաբարձր գագաթը լեռան համարվում է վեհաշուք Մուրղուզ, կամ Մրղուզ գագաթը: Լեռան բարձրությունը կազմում է շուրջ 2993մ) դժվարամատչելի քարքարոտ, տեղ-տեղ խիտ անտառապատ լեռներով: Ցուրտ, մառախլապատ եղանակի եւ տեղատարափ, ձյունախառն անձրեւի պատճառով շատ դժվարությամբ են բռնակալի զորքը, ձիերը եւ ուղեկցող նրա դուստրը մագլցելով բարձրացել Մուրղուզ լեռը: Այստեղ նրա դուստրը բարձրալեռնային սաստիկ ցրտի, սուլող սառը այրող, ահագնացող քամու ու բարձր ջերմության եւ երկարատեւ արշավանքից հոգնածության պատճառով մահացել է: Վշտաբեկ զավթիչը հենց այստեղ իր ձեռքի տակ ունեցած ավարից ճամբարակցի բնիկ տեղացիների ավանդապատումների համաձայն թաղել է իր սիրելի դստերը անհամար ոսկե եւ թանկագին քարերից պատված դագաղի մեջ: Ուշագրավ է, որ մինչեւ առայսօր բազմաթիվ գանձախույզներ են փնտրել եւ փորձել են գտնեն Չինգիզ Խանի դստեր գերեզմանը Միափորի լեռներում, սակայն ապարդյուն են անցել նրանց ջանքերը: Առ այսօր պարզված չէ արյունարբու տիրակալի դստեր գերեզմանի վայրը Մուրղուզ գագաթի վրա: Այս լեռը գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի եւ Տավուշի մարզի սահմանահատվածում: Ճամբարակ քաղաքի տարածքից ավելի շքեղ է դառնում Միափորի լեռների Մրղուզ գագաթի վեհապանծ հմայքը իր դյութիչ համայնապատկերի համատեքստում: Հարավային Սիբիրում եւ Մոնղոլիայի Բուիր-Նուր լճի շրջակայքում ծնունդ առած մոնղոլ թաթարների քոչվորական խիստ եւ դաժան կարգապահություն ունեցող զորքը՝ «տմաները» (կազմված էին 10.000-ներից, հազարներից, հարյուրներից ու տասնյակներից ) արշավում են հայոց Գուգարք եւ Ուտիք նահանգների միջեւ գտնվող Ձորափորի գավառի Միափորի լեռների (Մուրղուզ) ստորոտին գտնվող Սպիտակ բերդ-դղյակ վրա եւ պաշարում են այն: Բամբաններով (պարսպակործան ու քար նետող հարմարանք) պաշարելուց հետո ավերում են ամրոցը, իսկ տեղի հայ բնակիչներին հրի եւ սրի մատնելով' մոնղոլները նաեւ փորձում են, ըստ ավանդապատումի, վնասել այնտեղ ամրոցի շուրջ բնակվող ածյամներին: Երբ մոնղոլ հրոսակներից մեկը նետահարում է ու սպանում է մի այծյամի որը փորձում էր կրծքով կերակրեր իր ձագին, երկյուղից այծյամի ձագը ցատկում եւ ապաստան ու փրկություն է փնտրում Թիմուչին-Չինգիզ Խանի դստեր գրկում ու եւ վախից անշարժանում է ու սատկում է:Այդ պահին, համաձայն պատումի, հայտնվում է ճերմակամպով պատված բարբարոս մոնղոլական բնապաշտական աստվածուհին (անտառի ոգին), որն անիծում է արքայադստերը եւ նրա հորը իրենց անգութ վերաբերմունքի պատճառով: Արքայադստերը եւ Չինգիզ Խանին անտառի ոգին պատգամում է, որ, երբ նրանք մահանան, նրանց գերեզմանների տեղը ոչ ոք չի իմանա: Իսկ եթե բացահայտվի նրանց գերեզմանների վայրերը, ապա բացահայտողը կստանա մարմնավոր անմահություն:
Այստեղից շարժվելով առաջ' Չիգիզ Խանի հրոսակախմբերը հասնում են Կասպից ծովի երկայնքով Դերբենտ (Ճորա Պահակ), ապա դուրս են գալիս պոլովեցյան տափաստաններ: Նվաճողներից պաշտպանվելու համար Պոլովեցյան խաները օգնություն խնդրեցին ռուսական իշխաններից: Մինչ այդ չորս հարավ-ռուսական իշխանների դրուժինաներ, այդ թվում' երիտասարդ Դանիիլ Ռոմանովիչ Գալիցկու դրուժինան սլացան անհայտ թշնամու դեմ ընդառաջ: Կեղծ նահանջով ռուսական դրուժինաներին հրապուրելով եւ տանելով իրենց հեծելազորի համար հարմար վայր' նենգությամբ եւ խորամանկությամբ արդեն ավելի ուշ' 1223թ. Կալկա գետի ափին Չինգիզ Խանի մոնղոլ-թաթարական հրոսակները լիակատար պարտության մատնեցին նրանց: Ռուսական իշխաններից շատերը գերի ընկան եւ ենթարկվեցին տանջալից մահապատժի: Նրանց ճզմեցին գերաններով, որոնց վրա նստած իրենց հաղթանակն էին նշում մոնղոլ-թաթար նվաճողները:
Վերադառնալով Մուրղուզի ավանդապատումին' հարկ է նշել, որ Մուրղուզի լեռնաշղթայի հարավային փեշերին, Գետիկ գետի աջ ափին, վեր է խոյանում Աղջաղալա ամրոց-դղյակը,որի շուրջը տեղի է ունեցել վայրի այծյամի նետահարումը մոնղոլ զինվորականի կողմից, որը ցանկանում էր ռազմիկը ընծայեր Չինգիզ Խանի դստերը: Ուստի այդ բերդը, ի պատիվ արքայադստեր, հետայսու կոչվում է Աղջկա Բերդ (թուրքերեն' Աղջաղալա):Այս ամրոցը հայտնի է նաեւ մեզանում Մարտունու բերդ, որը կառուցվել է 10-րդ դարում Բագրատունյաց հայոց արքայատոհմի օրոք: Սպիտակ Բերդը հայտնի է նաեւ Աղջապալա անունով: Տեղանքը գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի եւ Այգուտ գյուղերի միջեւ, Մարտունի գյուղից մոտ 6 կմ հյուսիս-արեւելք, իսկ Այգուտ գյուղից 3 կմ հյուսիս-արեւելք ընկած հատ- վածներում: Մուրղուզի ստորոտին գտնվում է նաեւ Աղջաղալա միջնադարյան բնակատեղին, ուր պահպանվել են շինությունների եւ հայկական եկեղեցու մնացորդներ, խաչքարեր: Ավելի քան 1 կմ ամրոցից հարավ-արեւմուտք հեռավորության վրա' Հին Գետիկի վանքից (Կարմիր Եղցի) դեպի մի փոքր հյուսիս' Այգուտ եւ Մարտունի գյուղերի սահմանների միջեւ, գոյություն ունի մի սարահարթ, որի մատչելի ճանապարհով տեղի է ունենում ուխտավորների եւ սարվորների հոսքը դեպի Մուրղուզ լեռ: Սակայն դեպի ամրոցի բարձունք եւ լեռան վերելք հնարավոր է միայն ոտքով կամ ձիով: Աղջաղալա կամ Սպիտակ ամրոցը կառուցված է տեղական, սպիտակավուն երանգ ունեցող կրաքարի ճեղքված բեկորներով ու կրաշաղախով: Ուշագրավ է, որ ամրոցի կառուցման ժամանակ օգտագործվել է նաեւ շատ մեծ քանակով ձվի շաղախ պատերի ամրության համար: Հուշարձան-դղյակը ներքուստ ամբողջովին լցված է փլատակներից առաջացած քարակույտերով եւ ներքին հատակագծային տեսանելի որոշակիություն չունի: Սպիտակ բերդի տարածքում պահպանվել են Աղջաղալա միջնադարյան բնակատեղիի ավերակները, ինչպես նաեւ 13-14-րդ դարեր թվագրվող հայկական եկեղեցու մնացորդները, 10-14-րդ դարեր թվագրվող հայկական տապանատուն-գերեզմանոցներ եւ այլ հուշակոթողներ: