Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր, «լրագրողներ» կամ այլ «գիտունիկներ», որոնք հենց ուզում են վարկանիշ, հռչակ, ճանաչում ձեռք բերեն և կայքերը թռցնեն ու էջերում տեղադրեն իրենց գրառումները, սկսում են ստահոդ, մտացածին, չհիմնավորված, օդից վերցրած քննադատություններով, «հավաստի» տեղեկություններով, հնարովի պատմություններով, բամբասանքներով վարկաբեկել այս կամ այն հանրային ճանաչում ունեցող անձին, հեռուստադիտողին, դերասանին:
Շատերն իրենց «մասնագիտական» գիտելիքները և «ինտելեկտուալ» մտավարժանքները, վայ կարողությունները փորձում են փաթաթել հանրությանը և ստեղծել հասարակական կարծիք, քիթները խոթելով նրանց անձնական կյանքի և հարաբերությունների մեջ: Շատ հաճախ, այդ ամենը բնականաբար նրանց հիվանդագին երևակայության, արվեստի գիտակ երևալու և հռչակ ձեռք բերելու մոլուցքի արդյունքն է, որի շնորհիվ վիրտուալ աշխարհի հնարավորությունից օտվելով փորձում են ինքնահաստատվել և հռչակ ձեռք բերել: Ցավալին այն է, որ շատ հաճախ գրում են մակերեսային, անգրագետ, հախուռն նաև անհասկանալի ոճով, վիրավորանքներով, հայհոյանքներով, ստահոդ տեղեկություններով համեմելով:
Երևի ժամանակն է, որպեսզի նման գրառումները ստանան իրենց իրավական գնահատականը: Երբ մի քանիսը նրանցից դատարաններում կանգնեն ու փորձեն հիմնավորել իրենց մտավարժանքների արդյունքները, «գնահատականները» և «հավաստի փաստերը», ապա ինձ թվում է ասելու, ապացուցելու հիմքեր չեն ունենա: Այլապես տարբեր նպատակներով' անձնական, զրպարտության, պատվերի, ինչու չէ վարձատրության, ճանաչում ձեռք բերելու ակնկալիքներով կատարվող գրառումների «գինարբուքը» վախճան չի ունենա…
Կամ էլ գուցե ժամանակն է մի քանիսի ցույց տալ իրենց' հենց այդ գրառումների հեղինակների սահմանափակությունը, անգրագիտությունն ու շահադիտական կամ այլ նպատակները և իրենց վերաբերյալ տարածել համանման լուրեր ու պատմություններ…Այդ ժամանակ գուցե խելքի՞ գան…
Մի մոռացեք, որ հանրային ճանաչում ունեցող անձանցից շատերն իրենց աստղային փայլի, ճանաչվածության, արտաքուստ թվացյալ անհասանելիության ու հռչակից բացի, ունեն նուրբ հոգի և փխրուն սիրտ ու շատ հաճելի մարդիկ են, հայտնի նաև իրենց բարեգործական ու մարդասիրական նախաձեռնություններով: Որ ի վերջո նրանք ծնող են, կին, ամուսին, քույր, եղբայր, ընկեր և ձեր թույնով, անձնական վիրավորանքներով ու պարապությունը լրացնող գրառումներով խաղում եք նրանց անվան, հեղինակության, պատվի ու ընտանեկան երջանկության հետ:
Դե ի՞նչ, գուցե ժամանակն է, որ մի երկու հոգի ի վերջո պատասխան տան իրենց «գլուխգործոցների» համար:
Իհարկե խոսքը չի վերաբերում մասնագիտական, լուրջ, գրագետ և անշահախնդիր վերլուծություններին ու գնահատականներին:
Ռոբերտ Մելքոնյան