Հայաստանի զարգացման հիմնադրամը կազմակերպել է հայ-կանադական գործարար համաժողով' նպատակ ունենալով քննարկել առևտրատնտեսական կապերի սերտացման ուղղությունները: Այդ համաժողովի շրջանակում Հայաստան է ժամանել կանադացի գործարարների պատվիրակությունը:


Կանադայից ժամանած գործարարների պատվիրակությանը ընդունել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Քյուրը, ով նշել է, որ կանադացի գործարարները հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ անելու գործում և արդյունավետ քննարկումներ են ունեցել ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների և տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ, ձեռք բերել որոշակի պայմանավորվածություններ: Հայկական կողմն էլ իր հերթին պատրաստակամություն է հայտնել աջակցել յուրաքանչյուր ողջամիտ բիզնես նախագծի իրականացմանը:


Հարկ է նշել, որ կանադացի գործարարների շահագրգռվածությունը Հայաստանում ներդրումներ անելու խնդրում պայմանավորված է Կանադայի հետ ունեցած մեր բարձր մակարդակի հարաբերություններով և ազդեցիկ կանադահայ համայնքի առկայությամբ:


Կանադացի գործարարների կողմից ներդրումների իրականացումը ոչ միայն լրացուցիչ խթան կհանդիսանա Հայաստանի տնտեսության զարգացման համար, այլ նաև կնպաստի Հայաստանի բիզնես միջավայրի բարելավվմանը:

 

 

Նարեկ Պողոսյան