1375 թ․ ապրիլին մամլուքներն ու կարամանները գրավեցին Կիլիկիայի մայրաքաղաք Սսի միջնաբերդը։ Գերյալների թվում էին Լեւոն Ե Լուսինյանն ու նրա ընտանիքի անդամները, Պողոս Սսեցի կաթողիկոսն ու բազմաթիվ իշխաններ։ Վերոնշյալ տարեթիվն էլ պատմաբանները սովորաբար համարում են Կիլիկյան հայոց պետության անկման տարի։ Սակայն, Սսի անկումից հետո, հայ նշանավոր իշխաններից Կոստանդինը հռչակվեց Հայոց թագավոր եւ շուրջ 50 տարի կառավարեց Լեռնային Կիլիկիայում։ Նա համառ մարտեր էր մղում հայրենի բռնազավթված տարածքներն ազատագրելու համար։ 1424-ին Եգիպտոսի սուլթանին հաջողվեց հաղթել Կոստանդինին եւ իր տիրապետության տակ առնել ամբողջ Կիլիկիան։
Կիլիկիայի վերջին Լուսինյան արքան՝ Լեւոն Ե-ն իր խոստովանահայր Հովհաննես Դարդելի ջանքերով եւ Կաստիլիայի Հովհան Ա (Դոն Խուան) ու Արագոնիայի Պեդրո Դ արքաների միջնորդությամբ 1382-ին ազատվեց եգիպտական գերությունից։ 1383-ին Լեւոնը դարձավ Իսպանիայի սենյոր։ Հետաքրքիր է նշել, որ Կաստիլիայի արքան Լեւոնին պարգեւեց Մադրիդ, Վիլյառեալ ու Անդուխտար քաղաքները (առանց ժառանգական իրավունքի), ինչպես նաեւ խոստացավ օգնել Կիլիկիայի գահը վերստանալու համար։ Այդ ժամանակ Կաստիլիայի ու Արագոնի տիրակալները ձգտում էին Մերձավոր Արեւելքում ընդլայնել իրենց ազդեցությունը։
Հայտնի է, որ 1389-ի հոկտեմբերի 2-ին Լեւոնի վասալները՝ Մադրիդի ազնվականները, պահանջել են հաստատել իրենց նախկին իրավունքներն ու արտոնությունները։ Լեւոն Լուսինյանը 1389-ի հոկտեմբերի 19-ի շնորհագրով բավարարեց այդ պահանջները։ Շնորհագիրն սկսվում է հետեւյալ խոսքերով՝ «Don Leon, por la qracia de Dios req de Armenia e senor de Madrid, de Villareal e Andujar...» եւ ստորագրված է REY LEON: Լեւոնն ութ տարի կառավարեց Մադրիդը։ Նրա մահից հետո նրա վասալները կրկին անցան Կաստիլիայի տիրապետության տակ։ Կյանքի վերջին տարիները նա անցկացրեց Փարիզի Սեն Օուեն պալատում, որը նրան հատկացրել էր Ֆրանսիայի արքա Կարլոս Զ-ն։ Վերջինս հայոց արքային ամսական 500 ֆրանկ թոշակ էր նշանակել։ Լեւոնը մահացավ 1393-ին, Փարիզում, եւ թաղվեց Կղիստինյանց (Սուրբ Քրիստինե) վանքում։ Տապանաքարի վրա պառկած դիրքով դրված է նրա սպիտակ մարմարե արձանը (չորս հարյուր տարի անց՝ 1794-ին, այն փոխադրվել է Սեն-Դընի արքայական դամբարան)։
Սսի անկումից հետո Կիպրոսի տիրակալները, որպես Լուսնյանների ազգականներ, մի ամբողջ հարյուրամյակի ընթացքում իրենց տիտղոսին ավելացնում էին «Հայաստանի թագավոր» տիտղոսը եւ այդ անվամբ էլ դրամ էին հատում։ «Հայաստանի թագավոր» տիտղոսը կրել են ՝ Հակոբ Ա-ն (1375-1395), Յանուս կամ Յոհան Ա-ն (1398-1432), Յոհան Բ-ն (1432-1458), Շառլոտան՝ Լյուդովիկոս Սավոյացու կինը (1458-1460), Հակոբ Բ-ն (1460-1473) եւ եկատիրինա Գորնարան (1473-1489)։ XVII դարում «Հայաստանի թագավոր» տիտղոսն անցավ Վենետիկի հանրապետությանը։ Այդ տիտղոսն ընդունեցին նաեւ Պիեմոնտի թագավորները, քանի որ Սավոյան դինաստիայից մի կոմս ամուսնացել էր Լուսինյանների տոհմից սերած մի իշխանուհու հետ։ Իտալիայում Սավոյան իշխանական տան ժառանգները «Հայաստանի թագավոր» տիտղոսը պահպանեցին մինչեւ 1946 թվականը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՈՒՄ՝
Լեւոն Ե Լուսինյանի տապանաքարը Փարիզում։
Հայե՛ր, գիտե՞ք, որ