Հայ գրականության վերջին վերելքը անցյալ դարի վաթսունականներին էր: Դա մի «աղանդ» էր կարծրացած դոգմատիզմի դեմ, տաղանդավոր և ըմբոստ գրողների մի բույլ, որ առկայծեց ամենափայլուն լույսով, և ահա, մարում է...

Գրող, թարգմանիչ Սուրեն Խաչատրյանը նրանցից մեկն էր, վերջինը...

Հեռավոր 60-ականներին նա իր «Անհայր որդիներ» վիպակով, «Պետրոս Ադամյան» էսսեով մտավ հայ գրականություն, ու մտավ հիմնավոր:

Հետո գրեց «Թիթեռի օրագիրը», «Ոսկե արծվի հրապարակը» մանկական գրքերն ու նվիրեց նոր-նոր գրել-կարդալ սովորող որդիներին։

Սկիզբը շռնդալից էր: Հետո կարծես դադար առավ` շունչ քաշելու համար և անցավ օտարալեզու գրականության հայերեն թարգմանություններին։ Աստվածատուր շնորհն այստեղ էլ փայլեց` Տոլստոյի, Ռասպուտինի, Դյուրենմաթի, Սիմենոնի, Պլատոնովի ու Պաստեռնակի գործերը հայերեն կարդալիս, մասնագետներն ու շարքային ընթերցողը միաբերան ասում էին` «Ոնց որ բնագիրը կարդանք...»։ Եվ արժանացավ թարգմանության բնագավառում ամենահեղինակավոր` Ստեփան Զորյանի անվան մրցանակին։

 

 

 

 Նրանց Պառնասում ընկերությունն էլ էր տաղանդավոր 

Գրականություն նրա մուտքն առաջինը գնահատողներից էին Պարույր Սևակը, Հրանտ Մաթևոսյանը, շատ այլ գրչակիցներ. «Մի տաղանդավոր գրող էլ միացավ մեզ»։ Ընկերացան:

Իր անսահման ավյունով, բազմաշերտ գիտելիքներով ու ճաշակով Սուրեն Խաչատրյանը նոր բովանդակություն էր հաղորդում «բարձր» արվեստի թեմաներով բարձրաձայն վիճող ընկերների կերուխումին... Առանց նրա` քեֆն ու ուրախությունը կիսատ էին, առանց նրա` վեճն ու վիճաբանությունը թերի էին ստացվում, որովհետև թեման վերանձնական էր, ճշմարիտի որոնումն էր։

Կերուխումներ չէին, արվեստի ու փիլիսոփայության թեմաներով քննարկումներ էին:

 

 

 Վերջերս հաճախ էր ասում` «Ընկերներիցս էս աշխարհում մնացի միայն ես»...

Վաթսունականների «տաղանդավոր-աղանդավորները» հեռացան կամաց-կամաց, մի մասը կյանքից, մի մասը հայրենիքից:

Ազնիվ, կեղծիքչհանդուրժող, տաղանդավոր մտավորական Սուրեն Խաչատրյանը, որ 2-րդ Համաշխարհայինում կորցնելով հորը, անմռունչ դիմացավ «անհայր որդու» իր զրկանքներին, վառվեց 60-ականների տաք հովերում, ըմբոստացավ 88-ի շնչին համահունչ՝ 90-ականների «վերաճահճացման» տարիներին առավ իր ըմբոստ հոգին ու հեռացավ հայրենիքից` շատերի նման հասկանալով, որ մտավորականի դարն անցել է, վաթսունականների դարն անցել է: Մնալու համար շատ էր հպարտ, ըմբոստ ու քծնանք չհանդուրժող։

Գնահատվե՞ց... Այո, ու նաև չգնահատվեց ըստ արժանվույն` որովհետև ասելիքը նոր էր ու չափազանց անկեղծ։

Հիմա մնում է սպասել նոր վաթսունականների...

Հ.Գ. Սուրեն Խաչատրյանից երեք օր հետո ստացվեց նաև ռուս ճանաչված գրող Վալենտին Ռասպուտինի մահվան լուրը: Խորհրդանշական է գուցե... Հենց նրա «Ապրիր և հիշիր» գրքի թարգմանության համար Սուրեն Խաչատրյանը ստացավ պետական մրցանակ: Ու գրքի վերնագիրն էլ թող պատգամ լինի ապրողներիս` ապրիր և հիշիր...

 

 

 

 

Արա Մովսիսյան